Արսիզեն նաեւ նշել է, որ այցելել է Հայաստան, որպեսզի տեսնի, թե “հոգեւոր զարգացվածությամբ հնագույն” մեր երկրին ինչ օգնություն է հնարավոր ցուցաբերել: Արսիզեն նշել է, որ իր այցի մասին տեղեկացրել են Հայաստանի նախագահին եւ ստացել նրա հավանությունը:
Գի Արսիզեն Հայաստանում նշել է, որ հարկավոր է այստեղ կոտրել մասոնների վերաբերյալ նախապաշարումները: Նա հայտարարել է, որ անգլո-սաքս ֆրանկմասոններն են, որ գործում են գաղտնի, ունեն արարողակարգեր եւ այլն: Իսկ ֆրանկ-մասոնները, ըստ նրա, բաց են գործում:
Այդուհանդերձ անհասկանալի է, որ եթե բաց են գործում, ապա ինչու չեն բացահայտում Հայաստանի իրենց անդամներին: Ովքեր են այդ 15-20 գործիչները, որոնք ֆրանկ-մասոնական Grand Orient De France օթյակի անդամ են: Գի Արսիզեն նշել է, որ այդ մարդիկ ֆրանկոֆոններ են եւ Ֆրանսիայի հետ սերտ կապ ունեցող անձնավորություններ:
Հիմա երեւի Հայաստանում փնտրտուք է սկսվել, թե ով է հայտնի մարդկանցից ֆրանկոֆոն եւ ով սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ: Այսինքն, խոսելով Հայաստանում մասոնների հանդեպ կարծրատիպերի եւ նախապաշարումների վերացման անհրաժեշտության մասին, Գի Արսիզեն այդուհանդերձ թերեւս ավելի է նպաստում այդ կարծրատիպերի եւ նախապաշարումների խորացմանը, կասկածների տարածմանը: Ինչպես ՊԱԿ գործակալների հարցում են կասկածներ, թե այսինչը կամ այնինչը գործակալ է, այդպես էլ մասոնների հարցում` այսինչը կամ այնինչը մասոն է:
Այդ դեպքում ավելի ճիշտ չէ արդյոք, առավել եւս եթե ֆրանկ-մասոնական օթյակը բաց եւ թափանցիկ գործունեության հետեւորդ է, բացահայտ հայտարարի, թե ովքեր են Հայաստանի իր անդամները, ովքեր են այդ 15-20 մարդը: Թաքնվելը, քողարկվելը ամենեւին չի նպաստում մասոնականության հանդեպ հասարակական նախապաշարումների եւ կարծրատիպերի վերացմանը: Ավելին, տարօրինակ է թիվն ինքը` 15-20: Այսինքն, ինչ է նշանակում 15-20: Միթե Մեծ Վարպետը չգիտե, թե կոնկրետ քանի անդամ ունեն Հայաստանում` 15, 16, 17, 18, 19, թե 20: Ինչի համար է այդ դիապազոնը` 15-20:
Որ Հայաստանում պետք է հաղթահարվի մասոնականության շուրջ ստեղծված կիսաառասպելական, կարծրատիպային նախապաշարումը, թերեւս անկասկած է: Ընդհանրապես, հասարակության մեջ պետք է հաղթահարվեն ցանկացած հարցի վերաբերյալ նախապաշարումներն ու կարծրատիպերը, եւ ամեն ինչ պետք է հնարավորինս մոտեցվի բանական դատողության հիմքով ձեւավորվող կարծիքների մակարդակին:
Կոնկրետ մասոնականության մասին կարծրատիպն ու նախապաշարումը հաղթահարելու գործում մասոններն առաջին հերթին հենց իրենք ունեն զգալի անելիք: Եվ այդ առումով իհարկե ողջունելի է Գի Արսիզեի նախաձեռնությունը` գալ Հայաստան եւ բացահայտ խոսել ինչ որ բաների մասին: Բայց, Հայաստանի հասարակության մեջ կարծրաատիպերն ու նախապաշարումներն այնքան խորն են, որ դրանք փուլ առ փուլ հաղթահարելը, դոզավորված անկեղծությամբ հաղթահարելը թերեւս այդքան էլ հեշտ չէ, ու գուցե անհնար է: Բանն այն է, որ հանրային դիմադրությունն այդ հարցում ունակ է հաղթահարել ցանկացած դոզա:
Հետեւաբար պետք է հաղթահարման պրոցես սկսել լայն ալիքով, եւ միայն այդ դեպքում կա հասարակական նախապաշարումների եւ դիմադրությունների ալիքը հաղթահարելու շանս: Ընդ որում, այդպես է ցանկացած այլ ոլորտի կամ թեմայի հարցում` կամ միանգամից եւ լայնածավալ գրոհ նախապաշարումների վրա, կամ դրանք խժռելու են փոփոխության ցանկացած դոզա: Թեեւ, չի բացառված իհարկե, որ մասոններն օրինակ չեն էլ շտապում այդ գործում: Ի վերջո, կարծրատիպերն ու նախապաշարումները հաղթահարելը երեւի թե Հայաստանի հասարակությանն է պետք, ոչ թե մասոններին:
Այդուհանդերձ, որոշակի հարցադրումներ մասոնների Հայաստանի հանդեպ հետաքրքրվածության շուրջ առաջանում են: Մասնավորապես, թե ինչու այդ հետաքրքրությունն այդպես բացահայտ կերպով սկսեց դրսեւորվել այժմ, երբ Հայաստանը թե ներքին քաղաքական, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում բավական բախտորոշ փուլում է, եւ կարող են կայացվել կամ պետք է կայացվեն իսկապես շրջադարձային որոշումներ: Ֆրանկ-մասոնների Մեծ Վարպետը Հայաստանում չի էլ թաքցրել, որ ցանկանում են ներկայիս ծանր ժամանակաշրջանում օգնել Հայաստանին: Դե, ուրեմն երեւի թե կարելի է պատկերացնել, թե իսկապես ինչքան ծանր իրավիճակում է հայտնվել Հայաստանը, որ մասոնները ստիպված են բացահայտ հայտարարել օգնության պատրաստակամության մասին:
Միայն թե ամբողջ հարցը հենց այն է, թե արդյոք նրանք իսկապես լավ են պատկերացնում, թե ում են պատրաստվում օգնել, այսինքն ինչ հասարակության, տնտեսական, քաղաքական եւ պետական ինչ համակարգի հետ գործ ունեն:
Հ.Գ. Ի դեպ, հետաքրքրական է, որ այցը տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Հայաստան կատարելիք այցի նախաշեմին: Ինչպես հայտնի է, տարվա երկրորդ կեսին Հայաստան է պատրաստվում այցելել Սարկոզին: Իմիջիայլոց, Գի Արսիզեն չի էլ թաքցրել, որ Ֆրանսիայի նախագահները ընտրական շրջանում հաճախ են խորհրդակցում իրենց օթյակի հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment