Thursday, July 7, 2011

«Հայկական Ժամանակ». ՀՅԴ-ն համակիրների հարցում կկողմնորոշվի սեպտեմբերին. Լևոն Մկրտչյան

Օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Լևոն Մկրտչյանի հետ։ Զրույցից մի հատված ներկայացված է ստորև։

–Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ հաջորդ ԱԺ–ում ՀՅԴ–ն չի լինելու, ինչպե՞ս եք վերաբերվում այդ խոսակցություններին։
– Հաջողությունը պառլամենտական ընտրություններում մեր սկզբունքայնությունից է կախված և եթե կարողանանաք ճիշտ ներկայանալ ժողովրդին, վստահություն ձեռք բերել, մեր ձայները կբարձրանան։ ՀՅԴ–ն հիմա լուրջ ուշադրություն է դարձնում սոցիալական հիմնախնդիրներին, դա մեր առաջնահերթությունների օրակարգում է, և, մեր խորին համոզմամբ, ժողովրդի այդ հատվածի մեջ աշխատելու լուրջ հնարավորություններ է ստեղծվում։

– Իսկ շատ ծանր կտանե՞ք, եթե չհայտնվեք խորհրդարանում։
– Խորհրդարանում մեր ներկայությունն ինքնանպատակ չէ, մենք այնտեղ միշտ աշխատել ենք շատ ակտիվ։ Ես վստահ եմ, որ առաջիկա պառլամենտական ընտրություններում այս իմաստով մեզ նման բան չի սպառնում։

– Հիմա կարելի՞ է միանշանակ ասել, որ ՀՅԴ–ն միայնակ է մասնակցելու առաջիկա ընտրություններին և դաշինք չի կազմելու որևէ քաղաքական ուժի հետ։
– Որևէ քաղաքական ուժ, որը այսօր ունի քաղաքական փորձառություն, միանշանակ որևէ բան չի կարող հաստատել կամ հերքել. Սեպտեմբերին կսկսվի արդեն կոնկրետ ընտրական տրամաբանությամբ քաղաքական գործընթացը, և ՀՅԴ ԳՄ–ն կկողմնորոշվի ու կփորձի ձևավորել համակիր դաշտ։ Մենք պատրաստվում ենք և առաջիկայում կմտնենք ավելի ակտիվ քաղաքական գործընթացների մեջ։

No comments: