Friday, July 8, 2011

Մեր պետությունն ամեն քայլափոխի ծուղակ է լարում քաղաքացիների համար. «Ժառանգության» ներկայացուցիչ

Արտագաղթը պայմանավորված է գործազրկությամբ, օրենքի անկատարությամբ, խաղամոլությամբ և բանակի անառողջ մթնոլորտով։ Այս մասին այսօրվա ասուլիսին նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը։
Արտագաղթի հիմքը, ըստ նրա, իշխանության խոսքի և գործի հիմնային տարբերությունն է. «Խոսքով ասում են, թե աջակցելու են մանր ու միջին բիզնեսին, գործով աջակցում են մեծին»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ ազդեցություն ունի նաև հասարակական կարծիքի նկատմամբ պետական արհամարհանքը։ «Բառիս բուն իմաստով թքում են մեկի երեսին, մի քիչ ժամանակ է անցնում, նշանակում են պաշտոնի. խոսքս Նարեկ Սարգսյանի մասին է»,- ասաց Կարինե Հակոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ոչ միայն չեն գործում օրենքները, այլև՝ դրանք իրոք անկատար են։ «Ինձ համար անհասկանալի է, որ մասնագետներն ասում են, թե Սահմանադրությունը լավն է, ուղղակի չի գործում. ինչպե՞ս կարող է լավ պատրաստված մեքենան չաշխատել,- ասաց նա։- Օրինակ՝ ինչո՞ւ մեր Սահմանադրության հենց սկզբում չի նշվում, որ այն ազգային է։ Ընդհանրապես, եթե հանենք ամենասկզբում մի տեղ նշված ՀՀ-ն, երբեք, կարդալով մեր Սահմանադրությունը, չենք իմանա, որ այն Հայաստանինն է»։
Նշելով, որ շատ են դեպքերը, երբ Երևանի մերձակա շրջաններում, հատկապես Արտաշատում, վաճառվող բերքից ստացված մեծ գումարը «անփորձ երիտասարդների» ձեռքում փորձանք է դառնում՝ երիտասարդներին դարձնելով խաղամոլ, Հակոբյանն ասաց. «Խաղամոլությունը փորձում են օրենսդրորեն կարգավորել, բայց դա արտագաղթի հիմնախնդիրներից է»,- ասաց նա։ Ըստ բանախոսի՝ սկզբում մոտակա խաղատանը նրանք այդ գումարն են տանուլ տալիս, հետո՝ ունեցվածքը, տունը։ «Դրանից հետո ի՞նչ պիտի անեն. բռնում են արտագաղթի ուղին»։
Նա առաջարկեց օգտվել Մոնակոյի օրինակից, որտեղ խաղատներից չեն կարող օգտվել մոնակոցիները, իսկ Գերմանիայում մի քաղաքում մեկից ավելի խաղատուն լինել չի կարող։ «Պետությունն այս երկրներում փորձում է պաշտպանել իր քաղաքացիներին, մեր պետությունն ամեն քայլափոխի ծուղակ է լարում»,- ասաց Կարինե Հակոբյանը։

No comments: