Saturday, July 23, 2011

Ի՞նչն է ստիպում Անկարային կրկին հիշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Panorama.am. 22-7-2011- «Թուրքիան պլանավորում է միջոցառումների փաթեթ ներկայացնել, որը նոր թափ կհաղորդի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրում է «The Hürriyet Daily News» թուրքական անգլալեզու պարբերականը` փորձելով արևմտյան ընթերցողին համոզել, թե իբր Անկարայի` «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը գործող քաղաքական դրույթ է, այլ ոչ թե ընդամենը միջազգային հանրության զգոնությունը թմրացնելու միջոց:
Որպես Թուրքիայի բարի կամքի դրսևորման օրինակ` պարբերականը նշում է. ««Turkish Airlines» ընկերությունը ցանկանում է իր ներկայացուցչությունը բացել Երևանում, որի միջոցով հայաստանաբնակ հայերն ու հայկական սփյուռքի ներկայացուցիչները կկարողանան Երևան-Ստամբուլ և Լոս-Անջելես-Ստամբուլ ուղիղ չվերթների միջոցով այցելել և ծանոթանալ ժամանակակից Թուրքիային ու նրա բարքերին»:

Իր աղբյուրներից «Hürriyet Daily News»-ը տեղեկացել է նաև, թե Թուրքիայի կրթության նախարարության ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Վրաստան և Հայաստան:
Հոդվածագիրը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգվում է օբյեկտիվ պատճառներով, որոնցից մեկը Սիրիայից Թուրքիա մեկնած մոտ 10 000 գաղթականների խնդիրն է, ինչպես նաև` արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակը, որին Թուրքիան փորձում է հարմարեցնել իր արտաքին քաղաքականությունը:
Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի անսպասելի ակտիվացումն այն բանից հետո, երբ Անկարան արեց ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նորածին գործընթացը խեղդելու համար: Այս հարցի պատասխանը տեսանելի է հենց նույն հոդվածում:
«Hürriyet Daily News»-ի հավաստի աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ուղղակիորեն ակտիվ ներգործություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, ինչի մասին ուղղակիորեն ակնարկեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիա իր վերջին այցի ժամանակ:
Բացի այդ` պետք չէ մոռանալ, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պալատը հաստատեց Բերման-Սիսիլյենի ներկայացրած 2583 օրենսդրական ուղղումը, որը պարտավորեցնում է Թուրքիային, հետևողական լինելով իր կողմից կնքված միջազգային համաձայնագրերին և մարդու իրավունքների օրենքին, 2012թ-ի ֆինանսական տարվա ընթացքում երաշխավորել իր քրիստոնեական ժառանգության անվտանգությունը: Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը մատնացույց է անում Թուրքիային մարդու իրավունքների վերաբերյալ իր երկրում տիրող ճգնաժամը, պաշտոնական Անկարան հանկարծ հիշում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և փորձում բուռն գործունեության իմիտացիայով թոզ փչել միջազգային հանրության աչքերին:

No comments: