Thursday, July 7, 2011

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կրկնապատկեն ջանքերը, որպեսզի համաձայնության հասնեն մինչև տարվա վերջ. Էշթոն

Tert.am. 6-7-2011- Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Եկել է ղարաբաղյան հակամարտության հարցով որոշման ձեռք բերման ժամանակը: Ցավոք, Կազանում տեղի ունեցած բանակցություններին ակնկալվող բեկումը տեղի չունեցավ: Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները չկարողացան օգտվել հնարավորությունից այն բանի համար, որպեսզի հասնեն փոխզիջման»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ կողմերը պետք է հավատարիմ մնան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, հաղորդում է APA գործակալությունը:
«Կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը, որպեսզի համաձայնության հասնեն մինչև տարվա վերջ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ 2012-ին Հայաստանում, իսկ հետո նաև՝ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունները կարող են դանդաղեցնել բանակցային գործընթացը:
Էշթոնը հայտարարել է նաև, որ ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է և որ հակամարտության լուծումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա:
«Այս հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առանցքային ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում, այդ հակամարտության լուծումը հնարավորորություն կընձեռի Հարավային Կովկասը տեղափոխել տնտեսական կայունության ուղու վրա: Սահմանները կարող են բացվել ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև, ու այդպիսով տարածաշրջանի պետությունները կարող են միմյանց ավելի մոտ լինել»,-հավելել է նա:
Էշթոնը ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինկսի խմբին, որն ուղղակիորեն ներգրավված է բանակցային գործընթացում:
«Մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, թե ինչով կարող ենք օգնել այդ հարցում»,-ասել է Էշթոնը՝ հավելելով, որ պատրաստվում է այցելել Հայաստան ու Ադրբեջան՝ հակամարտությանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

No comments: