Thursday, July 7, 2011

Վրաստանի ԱԳ նախարար. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները իրավունք ունեն գրանցել իրենց դավանանքը

News.am. 7-7-2011- Վրաստանի Սահմանադրությունը թույլատրում է Վրաստանի քաղաքացիներին, անկախ նրանից, թե որ կրոնական համայնքի անդամ են` հրեա, մահմեդական, թե Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, գրանցել իրենց կրոնը որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայան»-ի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանն ընդունեց վրացական ուղղափառ եկեղեցու դժգոհությունը հարուցած օրինագիծը, Վաշաձեն հայտարարել է, թե, առաջին հերթին, դա «Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովումն է, որը Վրաստանի կառավարության թիվ մեկ պարտականությունն է»:
«Եվ երբ Վրաստանի քաղաքացիները, անկախ նրանից, թե որ կրոնական համայնքի անդամ են` հրեա, մահմեդական, թե Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, չեն ցանկանում գրանցել իրեն կրոնը որպես հասարակական կազմակերպության, այլ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, դա իրենց իրավունք է: Եւ մեր Սահմանադրությունը նման իրավունք տալիս է: Մեզ մոտ հստակ տարանջատում կա, կա կոնկորդատ վրացական պետության եւ վրացական եկեղեցու միջեւ, քանի որ վրացական եկեղեցին առանձնահատուկ դեր է խաղում»,- ասել է նա:
Վաշաձեն հստակեցրել է, որ նախկինում քաղաքացիական օրենսգիրքը հնարավորություն էր տալիս մյուս համայնքներին գրանցվել որպես միայն հասարակական կազմակերպություններ, իսկ այժմ Վրաստանի քաղաքացիներն իրենք իրավունք ունեն որոշել` թե ինչպես գրանցվեն: Այսինքն, դա որոշում են իրենք` հավատացյալները: Քանի որ շատ կրոնական համայնքների ներկայացուցիչների մենք պարտական ենք այդ թվում այն քաղաքացիական խիզախության եւ քաղաքացիական պահվածքի համար, որ նրանք դրսեւորեցին 1991-ից, այսինքն անկախությունից հետո»,- ասել է նա:

Հարցին, թե ո՞րն է վրացական եկեղեցու դժգոհության պատճառը, Վաշաձեն պատասխանել է. «Գիտեք, այն հանդիպումներից հետո, որ եղել են, այդ թվում նաեւ ինձ հետ, այդ դժգոհությունը կտրուկ կնվազի»:

No comments: