Tuesday, August 30, 2011

Վրացի քաղաքական գործիչ. Եթե Բաքվում դժգոհ են Թբիլիսիի պահվածքից, թող դիմեն Վաշինգթոնին

News.am. 29-8-2011- Որեւէ վատ բան չկա, որ Վրաստանը ստեղծում է մահմեդականների կրոնական գործերի կառավարման սեփական մարմին: Այդ մասին NEWS.am-ի թղակցի հետ զրույցում հայտարարել է վրացական «Իմեդի» կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին: Նրա խոսքով, ելնելով Վրաստանի աշխարհագրական, նաեւ` աշխարհաքաղաքական դրությունից, նման կառույցի ստեղծումը, ինչպես «Վրաստանի մահմեդականների վարչությունը», ծայրահեղ անհրաժեշտություն է:
«Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում»,- հարց է տալիս Սարիշվիլին: Քաղաքական գործիչը նկատել է, որ թեեւ տանել չի կարողանում Վրաստանի ներկայիս իշխանություններին, սակայն եթե այդ կառույցը ստեղծվում է Վրաստանի մահմեդականների կրոնական գործերի բարեխիղճ կատարման, նրանց մշակույթի պահպանման համար, նման քայլը պետք է միայն ողջունել:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դժգոհությանը այդ կապակցությամբ, Սարիշվիլին նշել է, թե անգամ Վրաստանի ադրբեջանցիները քիթը չեն մտցնում Վրաստանի քաղաքական կյանքի մեջ: «Նրանք առանձնանում են նրանով, որ ով էլ գա իշխանության, աջակցում են վերջինիս»,- նշել է նա:
«Պաշտոնական Բաքուն սխալ տեղ է դիմել: Եթե խոսում ենք Վրաստանի իշխանությունների մասին, նրանք այսօր ծառայում են Արեւմուտքին, եւ եթե ինչ-որ բանից դժգոհ են, թող դիմեն ԱՄՆ նախագահի աշխատակազմին»:
Նշենք, որ Վրաստանը ստեղծել է իր կառույցը, որը պետք է զբաղվի երկրի մահմեդական համայնքների գործերով: Դեռ հունիսին վարչությունը գլխավոր մուֆթի, շեյխ եւ իմամ էր ընտրել: Կովկասի մահմեդականների վարչությունը խստորեն քննադատել էր Վրաստանի իշխանությունների այդ քայլը:

No comments: