Thursday, August 11, 2011

Բաշար ալ–Ասադը մերժեց Անկարայի առաջարկը. միջազգային մամուլ

Tert.am. 10-8-2011- Միջազգային մամուլում լայն արձագանք է գտել երեկ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը։
Այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են, օրինակ, New York Times–ը, Wall Street Journal–ը, The Telegraph–ը, Washington Post–ն ու Los Angeles Times–ը, գրում են, որ Դամասկոսը մերժել է սիրիական խնդրի կարգավորման հետ կապված պաշտոնական Անկարայի առաջարկները։
«Բաշար ալ–Ասադը մերժել է Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական գործողություններին վերջ դնելու կոչը։ Դավութօղլուի դամասկոսյան այցին աջակցում էր Վաշինգտոնը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Միացյալ Նահանգների անունից չի խոսել, այլ ներկայացրել է բացառապես Անկարայի առաջարկները»,– գրում է New York Times–ը։
Los Angeles Times–ը գրում է, որ Թուրքիան հնարավոր է հետ կանչի Սիրիայում իր դեսպանին։ «Նման զարգացումը մեծ հարված կլինի Սիրիայի համար»,– նշում է թերթը։
Իսկ Washington Post–ն ընդգծում է, որ հակառակ այն բանին, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Սիրիայի վրա, Դավութօղլու–Ասադ հանդիպումն ավարտվել է անարդյունք։
«Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի նախագահ Ասադի հետ 6 ժամ տևած հանդիպումից դուրս է եկել ձեռնունայն»,– գրում է ամերիկյան պարբերականը։

No comments: