Tuesday, September 20, 2011

Ինչ սար է շարժում Սերժ Սարգսյանը

«Լրագիր» 19-9-2011- «Հավատում եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին, որոշ սարեր արդեն շարժվել են: Եվ պատահական չէ, որ այդ միասնության խորհրդանիշն էլ սար է` բիբլիական Արարատը», սեպտեմբերի 19-ին Հայաստանում մեկնարկած սփյուռքյան կազմակերպությունների համաժողովի բացմանն ասել է Սերժ Սարգսյանը:
Հետաքրքրական է, թե ինչ սար նկատի ունի Սերժ Սարգսյանը, որ ուզում է համատեղ ուժով շարժել: Արդյոք ակնարկելով Արարատի մասին, նա փաստացի ակնարկում է այն «սարը», որ կանգնած է հայության առաջ պատմական հայրենիքի երազանքի ճանապարհին: Արդյոք Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն ունակ է անգամ Արարատը «շարժելու» եւ մեզ վերցնելու:
Եթե ակնարկը դա էր, ապա հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է այդպիսի ակնարկ անում: Մեկն էլ արել էր սփյուռքահայ ուսուցիչների մի հավաքի ժամանակ` Ծաղկաձորում, ակնարկելով, թե հայության գալիք սերունդները կարող են հավակնել պատմական հայրենիքի երազանքը իրագործելուն: Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնած Սերժ Սարգսյանը շատ հետաքրքրական տրանսֆորմացիայի է ենթարկում իր հայացքները:
Հետաքրքիր է, երբ նա Բուրսայում Հայաստանի հավաքականի դարպասը Թուրքիայի հավաքականի խփած գոլից հետո լիաթոք ծիծաղով ջերմորեն շնորհավորում էր Աբդուլլահ Գյուլին, արդյոք մտածո՞ւմ էր այդ ամենի մասին: Դժվար է ասել: Գուցե եւ մտածում էր, իսկ Գյուլին շնորհավորում էր, որ հանկարծ նա ոչ մի բան չմտածի ու չկասկածի: Դիվանագիտությունը նուրբ բան է, իսկ հայկական դիվանագիտությունը` նրբագույն:
Փոխարենը բավական կոպիտ է հայկական իրականությունը: Ու այդ կոպիտ իրականության մեջ կան բավական կոնկրետ «սարեր», որոնք պետք է շարժել, ու ոչ թե գալիք սերունդներին, այլ ներկայիս սերնդին, իսկ ավելի կոնկրետ` հենց Սերժ Սարգսյանին, որովհետեւ հիմա պաշտոնապես նա է Հայաստանի Սահմանադրության երաշխավորը: «Մեր բանաձեւը հստակ է. Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար եւ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը՝ հայրենիքի համար», ասում է Սերժ Սարգսյանը:
Հայրենիքի հնարավորություններն առավելագույն կլինեն այն դեպքում, երբ հայրենիքի զարգացման ճանապարհից մի կողմ տարվեն այդ «սարերը»` օլիգարխիա, կոռուպցիա, ըտրակեղծարարություն, անիրավություն, դատական համակարգի կամակատարություն:
Այդ «սարերը» եւ «բլուրները» շատ են եւ բոլորին հայտնի, նաեւ բոլորին հայտնի հետեւանքով` Հայաստանի լիարժեք, օպտիմալ զարգացման արգելակում: Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ի՞նչ բանաձեւ է առաջարկում Սերժ Սարգսյանը, որով հնարավոր է շարժել այդ սարերն ու բլուրները եւ բացել Հայաստանի լիաթոք առաջընթացի ճանապարհը: Ունի՞ արդյոք նա կոնկրետ առաջարկներ, որոնց օգնությամբ այդ «եռաժանին», որն իսկապես կարող է հզոր ուժ լինել Հայաստանը պատած արատավոր համակարգի չեզոքացման գործում, կարողանա արդյունավետ աշխատել եւ Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, իսկ դրա շնորհիվ էլ սփյուռքի հայ համայնքները դարձնել գլոբալացման եւ ուծացման բնական գործընթացներում առավել դիմադրունակ:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն առայժմ գերազանցապես պաթոսի վրա է խարսխվում, կամ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ռազմավարական խնդիրների համեմատ մանր կոմերցիայի, որի արդյունքում այդ սարերն ու բլուրները ոչ միայն չեն «շարժվում» տեղից, այլ նույնիսկ ամրանում են, «կանաչապատվում» շրջապատի «ամայության» հաշվին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: