Tuesday, September 20, 2011

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՁԱԽՈՂԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ՛Ն

Թուրքական կողմին համարժեք քայլեր կատարելը կնշանակի ինքնակամ ստանձնել գործընթացի ձախողման պատասխանատվությունը

«ԱԶԳ», 20-09-2011- Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի հունիսի 12-ի ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը հաղթեց եւ վերստին միանձնյա իշխանության եկավ երկրում: Թվում էր, թե այս հաղթանակը պատեհ առիթ կհանդիսանա թուրքական նախապայմաններով ելման կետ վերադարձած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի աշխուժացման համար:
Ենթադրություններին հակառակՙ գործընթացը չաշխուժացավ, պարզապես օգոստոսյան նիստում հայ-թուրքական արձանագրությունները դուրս մղվեցին Մեջլիս ներկայացված հարցերի ցանկից: Այսպիսով Թուրքիան ակամաՙ ի լուր աշխարհի հայտարարեց, որ միջազգային շահագրգռություններն անտեսելու գնով միակողմանիորեն հրաժարվում է Հայաստանի հետ նորմալացման գործընթացից:
Մեջլիսի այս քայլով Թուրքիան ոչ միայն ստիպված միանձնյա ստանձնեց գործընթացի ձախողման պատասխանատվությունը, այլեւ յուրատեսակ մարտահրավեր նետեց այս գործընթացով շահագրգիռ միջազգային ուժերին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներինՙ Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:
Այս տերությունները ամենայն հավանականությամբ անարձագանք չեն թողնի թուրքական մարտահրավերը: Ինչ վերաբերում է շահագրգռություններին, ապա դրանց անտեսումն էլ Թուրքիայի համար միջազգային ճնշումներ է ենթադրում, քանի որ այդ տերությունները չեն հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու մտադրությունից:
Այլ կերպ, եթե նրանք, ելնելով իրենց շահագրգռություններից, ձեռնամուխ լինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալացման նոր գործընթացի սկզբնավորմանը, ապա նախորդ գործընթացը միանձնյա ձախողելու, գործընթացի նկատմամբ միջազգային շահագրգռություններն անտեսելու, առավել եւսՙ շահագրգիռ տերություններին մարտահրավեր նետելու համար ճնշումների թիրախ են դարձնելու թուրքական կողմին:
Ակնհայտ է, որ արձանագրությունների առնչությամբ թուրքականին համարժեք քայլեր ձեռնարկելու դեպքում հայկական իշխանություններն էլ միջազգային ճնշումների թիրախ կդարձնեն Հայաստանին, այսպիսով հայ-թուրքական նորմալացման գոծընթացի ձախողմանը թուրքականի հետ հավասարապես մասնակից կդառնա հայկական կողմը: Այդ դեպքում արդեն գործընթացը ձախողելու պատասխանատվությունը հավասարապես կբաշխվի երկու կողմերի միջեւ, ինչին, ի դեպ, ձգտում էր Թուրքիան, որիՙ միջազգային ճնշումներին դիմակայելու կարողություններն անհամեմատ մեծ են, քան Հայաստանինը: Այս ամենը պարտավորեցնող է հայկական իշխանությունների, հատկապեսՙ երկրի նախագահի համար: Սակայն այն, ինչից խուսափում են իշխանությունները, ընդդիմությունն է պահանջում: Խոսքը Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Ժառանգություն» կուսակցության մասին է: Նրանք, ինչպես սեպտեմբերի 15-ին գրել էր Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը, հիմք ընդունելով հայ-թուրքական արձանագրությունների հարցը Մեջլիսից դուրս մղելու թուրքական կողմի գործելակերպը, նույնը պահանջում են հայկական իշխանություններից, պատճառաբանելով դա համարժեք քայլեր կատարելու անհրաժեշտությամբ:
Համարժեք քայլերը չեն կարող ինքնանպատակ լինել հատկապես միջազգային ուժերի շահագրգռության շրջանակում գտնվող գործընթացի պարագայում: Հետեւաբար, նախքան այդպիսի պահանջ ներկայացնելը պետք է հիմնավորել դրանց անհրաժեշտությունը, գոնե առնվազն բացատրել, թե ո՞րն է լինելու դրանց առաջադրանքը եւ ի՞նչ նպատակներ են հետապնդելու: Պետք է հաշվի առնել նաեւ համարժեք այդ քայլերի կատարման պահն ու նպատակահարմարությունը, չմոռանալով, իհարկե, դրանց միջազգային արձագանքի, միջազգայնորեն շահարկելու հավանականության եւ Հայաստանի վրա հնարավոր անդրադարձի մասին:
Լինելով խորհրդարանական ուժ, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» համարժեք քայլերի անհրաժեշտությունը հիմնավորելը դեռ մի կողմ, մոռանում են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2010-ի ապրիլի 22-ի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից դուրս գալու, Հայաստանը կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Ավելին, նրա հայտարարությանը դրականորեն արձագանքել էին պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզը եւ Մոսկվան: Դա արծարծվել էր նաեւ միջազգային առաջնակարգ լրատվամիջոցների հաղորդումներում:
Հատկանշական է, որ 2010-ի ապրիլին, երբ ՀՀ նախագահն ուղեւորվել էր Վաշինգտոն, նրա հանդիպումների ավարտին էլ հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ առանց հիմնավորելու եւ հաջորդ քայլի մասին որեւէ պատկերացում ունենալու, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելու, այսինքնՙ դրանք անվավեր ճանաչելու պահանջով, նրան էին դիմել:
Ակնհայտ է, որ ստորագրությունը հետ կանչելու, այսինքնՙ անվավեր ճանաչելու դեպքում Հայաստանը, ձերբազատելով Թուրքիային նորմալացման գործընթացի ձախողման պատասխանատվությունից, հայտնվելու էր հայ-թուրքական արձանագրությունների վարվերացման ընթացակարգը ձախողողի դերում: Եթե հայկական կողմը, ելնելով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» թուրքական կողմին համարժեք քայլ կատարելու պահանջից, հայ-թուրքական արձանագությունները դուրս բերի խորհրդարանից, ապա ակամա Թուրքիայի հետ հավասարապես կստանձնի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողման պատասխանատվությունը:
Արձանագրությունների ընթացակարգի կասեցմանը դրականորեն արձագանքող Վաշինգտոնը, Փարիզը եւ Մոսկվան արդեն հավասարության նշան կդնեն արձանագրությունների վավերացման համար առաջադրած նախապայմաններով նորմալացման գործընթացը ձախողած Թուրքիայի եւ այդ նախապայմաններից ելնելով արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցրած Հայաստանի միջեւ:
Ի վերջո, վավերացման ընթացակարգի կասեցումը նույն արդյունքի է հանգեցնում, ինչ արձանագրությունների դուրս բերումը խորհրդարանից: Հանուն այս կուսակցությունների քմահաճույքի չի կարելի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հավասարության նշան դնելու առիթ տալ մեծ տերություններին, ոչ էլ միջազգային ճնշումների թիրախ դարձնել մեր հանրապետությանը, գիտակցելով այդ ճնշումներից խուսափելու նրա կարողությունների սահմանափակվածությունը, առավել եւս տուրք տալ հայկական կողմին գործընթացի ձախողման մեջ ներքաշելու Թուրքիայի նկրտումներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: