Tuesday, September 20, 2011

Խաբուսիկ հարմարություն

«Լրագիր» 20-9-2011- Անկախության տոնի կապակցությամբ տոնական ընդունելություն կազմակերպելով պատգամավորների համար եւ նրանց շռայլորեն պարգեւատրելով Հայաստանի առաջ ունեցած չգիտես որ ծառայության համար, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պետք է այնպիսի քաղաքական մշակույթ ձեւավորել, որ հասարակությունը չբաժանվի յուրայինների եւ օտարների:
Տոնական հանդիսությունների առիթով հրավերներ ուղղելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանն իհարկե փորձեց ընդգծել, որ ինքը չի բաժանում հանրությունը յուրայինների եւ օտարների: Բայց, հետաքրքրական էր, որ նրան թե “օտարները” մերժեցին, թե “յուրայինները”: Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանն այդքան ժամանակ ընկալվել է որպես “յուրային”, ու եթե նա հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ չի ուզում Անկախության օրը կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, ուրեմն նա մերժում է նրան:
Թե՞ Քոչարյանը Սարգսյանի համար արդեն “յուրային” չէ: Իսկ գուցե ընդհանրապես չի էլ եղել: Կամ էլ Քոչարյանը համարում է, որ եթե Սարգսյանը տոնին հրավիրում է նաեւ Տեր-Պետրոսյանին, ուրեմն այլեւս Տեր-Պետրոսյանի, ոչ թե իր յուրայինն է: Քոչարյանն ինչ որ տեղ նույնիսկ իրավացի է, քանի որ Տեր-Պետրոսյանի հետ հենց ինքը “կենաց-մահու” պայքարի մեջ մտավ, որպեսզի նախագահի պաշտոնը փոխանցի Սերժ Սարգսյանին, ով հիմա սկսել է ինչ որ քաղաքական խաղեր խաղալ Տեր-Պետրոսյանի հետ եւ հավասարության նշան դնել նրա ու Քոչարյանի միջեւ:
Մյուս կողմից, գուցե Սերժ Սարգսյանի արածն ամենեւին էլ երախտամոռություն չէ: Ով գիտե, թե ինչ են պայմանավորվել նրանք Քոչարյանի հետ միասին: Միգուցե իշխանության փոխանցման պատասխանատվությունը լիովին եղել է Քոչարյանի վրա, այսպես ասած “ինչպես ուզում ես փոխանցի, ես միայն ստանալու տերն եմ” տարբերակով, ու հիմա Սարգսյանը Քոչարյանին անուղղակիորեն հանդիմանում է մեղմ ասած չափազանց անորակ եւ խնդրահարույց փոխանցման համար:
Ավելին, Սերժ Սարգսյանը Քոչարյանին գուցե չփոխանցելու համար է անուղղակի հանդիմանում` “էս փոխանցել է՞ր, որ դու փոխանցեցիր”, կամ էլ “բա ո՞ւր ա, եթե փոխանցել ես” տարբերակներով: Ի վերջո, ակնհայտ է, անզեն աչքի համար էլ տեսանելի, որ իշխանությունը, որպես այդպիսին, Հայաստանում ներկայում շատ ապակենտրոնացված է, եւ Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է լուծել ընդամենը այն խնդիրը, որ այդ ապակենտրոնացված, ցրված իշխանությունը չկուտակվի քաղաքական դաշտի կամ իշխող համակարգի որեւէ մի այլ բեւեռում կամ թեւում, այլ մնա գոնե հավասարապես ցրված, օգնելով իրեն մնալ այդ իրավիճակում փոխզիջումային նախագահ:
Բայց Սարգսյանն անշուշտ գիտակցում է, որ այդպես չի կարող երկար շարունակվել, քանի որ Հայաստանը Շվեյցարիան չէ, որ իր “աջը քաշած” ապրի եւ բոլորը գոհ լինեն ու երջանիկ: Թե ներքին, թե աշխարհաքաղաքական պատասխանատվության խնդիրը Հայաստանի առաջ դրվում է ավելի ու ավելի սրությամբ, ինչը ավելի ու ավելի է սրում իշխանության հարցը լուծելու անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի գիտակցում է, որ ինքն այդ հարցը լուծելու ընդամենը մի տարբերակ ունի` այդ նոր քաղաքական համակարգի եւ մշակույթի ձեւավորումը, քանի որ հին մեթոդներով լուծման բանալիներն ամբողջությամբ իր ձեռքում չեն եւ չեն էլ հայտնվի: Դրա համար էլ իհարկե իշխանություն է պետք, այլապես առկա քաղաքական համակարգն ու բարքերը քանդելու հարցում Սարգսյանին սպասում է մեծ դիմադրություն, եթե իհարկե նա ունի դա քանդելու անկեղծ ցանկություն, եւ նրա հայտարարությունները ընդամենը տոնական կենաց չեն:
Պետք է որ ունենա, եթե ունի իշխանության հարցը լուծելու ցանկություն: Ունի արդյոք Սերժ Սարգսյանն այդպիսի ցանկություն, թե նա պատրաստվում է հեռանալ 2013-ին` դրանից առաջ կամ դրանից քիչ հետո, տեղը զիջելով որեւէ “յուրայինի” կամ “օտարի”: Բանն այն է, որ համակարգի փոփոխության հարցը Հայաստանում սրվել է ինչպես երբեւէ եւ այլեւս ձգելու ռեսուրս չունի:
Սերժ Սարգսյանը պատմական իսկապես մեծ հնարավորություն ունի լուծել այդ հարցը, թեկուզ չունենալով կենտրոնացված իշխանություն: Իշխանության ցրվածությունն ու ապակենտրոնացվածությունը Սարգսյանին տալիս են մանեւրի լայն հնարավորություն, որն էլ ավելի է ընդլայնվում ներկայիս աշխարհաքաղաքական լուրջ վերափոխումների համատեքստում: Սակայն, այդ հնարավորությունը կարող է փակվել միանգամից: Բաց թողնելով այն, Սերժ Սարգսյանն անշուշտ հայտնվելու է երկուստեք մերժվածության լուրջ, բարդ իրավիճակում` մի կողմից ներհամակարգային մերժվածության, մյուս կողմից այսպես ասած աշխարհաքաղաքական: Իսկ եթե դրան գումարվի նաեւ հասարակական չընդհատվող մերժվածություն, ապա Սերժ Սարգսյանին սպասում է եռաստիճան ոչ լեգիտիմություն, ինչը նրա համար ոչ միայն կդառնա անհաղթահարելի մի արգելք:
Ներքին առումով, ներկայում բարոյահոգեբանական լրջագույն, առերեւույթ չերեւացող ճգնաժամի մեջ գտնվող քրեաօլիգարխիկ համակարգը ներկայիս մթնոլորտային ճնշմանը դիմակայելուց հետո անշուշտ անցնելու է հակագրոհի, եւ այդ պարագայում համակարգն անշուշտ ընտրելու է ավելի ագրեսիվ հրամանատար, քան Սերժ Սարգսյանը: Այդ հարցում, Սարգսյանն օրինակ չի կարող որեւէ լուրջ մրցակցություն ցույց տալ Ռոբերտ Քոչարյանին, ով անկասկած սպասում է հենց այդ փուլին եւ համակարգի հետ միասին փորձում ընդամենը պահել ներկայիս ժամանակահատվածի հարվածի ալիքը: Քոչարյանն այժմ ամենեւին էլ չի փորձում իշխանության խնդիր լուծել: Նա ընդամենը փորձում է թույլ չտալ, որ դա անի Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի համար առավել ծանր կարող է լինել այն, որ համակարգի կազմաքանդման հարցում էական եւ հիմնարար փոփոխություններ չարձանագրելու պարագայում, իսկ արձանագրումը պետք է լինի առաջիկա ընտրական փուլի արդյունքը եւ դրա ազդեցությունը Հայաստանի կյանքի որակի վրա, նա արդեն կորցնելու է իր անհրաժեշտությունը նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, որ ներկայում առաջ է մղում Արեւմուտքը եւ որի հայաստանյան մասի համար գործընկեր է ընտրել Սերժ Սարգսյանին: Եթե նա չի արդարացնում այդ գործընկերությունը եւ փաստացի ձախողում դրա կարեւորագույն գործիք հանդիսացող ընտրական փուլը, ապա նրա հետ գործակցության անհրաժեշտությունն ինքնին վերանում է, որովհետեւ համաշխարհային գործընթացները չեն կարող սպասել Սերժ Սարգսյանին, այդ նա պետք է գնա դրանց համահունչ եւ ապահովի նաեւ Հայաստանի դրանց համահունչ ընթացքը:
Ներկայում Հայաստանում ստեղծված վիճակն այդ առումով Սերժ Սարգսյանի համար գրեթե մոտ է իդեալականին, երբ գրեթե բոլոր սուբյեկտների մոտ առկա է ուժերի համահավասարություն եւ չկա ակնհայտ առավելությամբ սուբյեկտ: Ու կարծես թե նկատելի է, որ այդ յուրօրինակ բալանսի պահպանումը նաեւ ունի միջազգային լեգիտիմություն եւ այսպես ասած աջակցություն, բայց ամենեւին ոչ որպես Սերժ Սարգսյանի իմաստուն կառավարման արդյունք, այլ որպես այդ կառավարման ելակետ, որից շատ հարմար է սկսել, եւ որում մնալու հարմարությունը միանգամայն խաբուսիկ է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: