Monday, October 24, 2011

Վանում կրկին 2 ցնցում է գրանցվել

News.am. 24-10-2011- Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ի ժամը 13:41-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո ցնցւմներն անընդհատ կրկնվել են։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Վանում հոկտեմբերի 23-ի ու երեկոյան՝ 23:45-ին իրար հետեւից 2 ցնցում է գրանցվել՝ 5,7 եւ 4,1 մագնիտուդ հզորությամբ։
Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝ 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվն անցել է 100-ը, իսկ վիրավորների թիվը՝ 1000-ը։ Միայն Վանի Արճեշ քաղաքում մահացածների թիվն անցել է 60-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էլեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ կան, տեղում աշխատում են փրկարարները:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին: Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով:Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, վերջին օրերի ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ:

No comments: