Wednesday, October 12, 2011

ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչն ԱՄՆ–ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ

Tert.am. 12-10-2011- ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազաին նամակով դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, որում ԱՄՆ–ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է 2 իրանցիների կողմից ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ ծրագրվող մահափորձի մասին։
«Ես գրում եմ Ձեզ՝ Միացյալ Նահանգների՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների առնչությամբ իմ վրդովմունքն արտահայտելու համար։ Իրանական ազգը ձգտում է հասնել այնպիսի ազատ աշխրահի, որտեղ ահաբեկությունը տեղ չի ունենա։ Մենք ԱՄՆ–ի այդ գործողությունները որակում ենք որպես պատերազմ հրահրելու փորձ, որպես մեր և Պարսից ծոցի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանն ուղղված սպառնալիք»,– իր նամակում նշել է Մոհամադ Խազաին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը 2 իրանցիների մեղադրում է ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափարձ ծրագրելու մեջ։ Դատախազի խոսքով՝ իրանցիները, որոնցից մեկն ԱՄՆ քաղաքացի է և ձերբակալվել է Նյու Յորքում, իսկ մյուսը հետախուզվում է, ցանկանում էին սպանել Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ–Ջուբերին։ Այդ նպատակով իրանցիները ծրագրում էին պայթեցնել այն ռեստորանը, որտեղ հաճախ ճաշում էր դեսպանը։
Ամերիկյան կողմի մեղադրանքները հերքել է նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը։
«Դա նախապես ծրագրված սցենար է, որի նպատակն է շեղել ամերիկյան հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից»,– ասել է Իրանի նախագահի խորհրդականը։

No comments: