Wednesday, October 12, 2011

«Հյուրիեթ». Թուրքիան ընտրական գործիք չէ` ասում է Անկարան ֆրանսիացի թեկնածուներին

Armenianow.com. 11-10-2011- Առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնին Անկարայի կառավարությունը դիմել է Ֆրանսիայի քաղաքական գործիչներին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդին, չօգտագործել Թուրքիան որպես գործիք իրենց նախընտրական քարոզարշավում` շահարկելով Հայոց ցեղասպանության հարցը, գրում է «Հյուրիեթ դեյլին»:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահշին Բուրչուօղլուն նամակ է ուղարկել Հոլանդին` հորդորելով նրան Թուրքիան չդարձնել ներքաղաքական խնդիր, այն բանից հետո, երբ հայտնի սոցիալիստ թեկնածուն խոստացավ աջակցել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:
«Մեր փոխանցած ուղերձը միայն Սարկոզիին չի վերաբերում, այլ Ֆրանսիայի ողջ քաղաքական դաշտին»,- ասել է թուրք դիվանագետը:
«Մենք ընդգծել ենք, որ այս կարգի հռետորաբանությունը միայն կկործանի երկկողմ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները, սակայն այս հայտարարությունները չեն նպաստի դրան»:
Շուրջ 400 հազար հայ է ապրում Ֆրանսիայում, որոնք բավական ազդեցիկ քաղաքական խումբ են կազմում: Սարկոզին, որը կարող է կորցնել իր պաշտոնը` զիջելով սոցիալիստներին, անցյալ շաբաթ այցելել է Հայաստան, որտեղ սպառնացել է Թուրքիային նախքան հաջորդ տարվա մայիսին իր նախագահական ժամկետի ավարտը ճանաչել Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի սպանությունները, կամ էլ նա կընդունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Մենք գիտենք` բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչներն էլ նման հայտարարություններ անում են, սակայն Սարկոզին շատ անխոհեմ գտնվեց` սպառնալով Թուրքիային մեր հողից ընդամենը մի քանի քայլ այն կողմ գտնվելով»,- ասել է դիվանագետը:
Թուրքիան անցյալում տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ֆրանսիայի նկատմամբ, երբ Փարիզը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

No comments: