Sunday, October 23, 2011

ԼՂ անկախությունը պետք է ճանաչվի, նախադեպերի պակաս չկա, կարծում է Նալբանդյանը

Tert.am. 22-10-2011- Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման ճանապարհով, որը միջազգային իրավական ուժ կունենա։ Նման համոզմունք է հայտնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
«Այս տարի անկախություն ձեռք բերեց ու ՄԱԿ-ի հերթական անդամ դարձավ Հարավային Սուդանը։ Պաղեստինը հայտ ներկայացրեց ՄԱԿ-ին՝ իր անկախությունը ճանաչելու և լիիրավ անդամություն կամ առնվազն ՄԱԿ-ի դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Կարո՞ղ են այս օրինակները Լեռնային Ղարաբաղի համար կիրառելի նախադեպ հանդիսանալ» հարցին Նալբանդյանը պատասխանել է.
«Իսկ ինչո՞ւ ոչ։ Նախադեպերի հարցում պակաս չկա։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը հենց անկախ պետություն է դարձել՝ իրացնելով ինքնորոշման իրավունքը։ Ուրեմն ինչու պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պակաս իրավունք ունենա ինքնորոշվելու, քան այս արևի տակ ցանկացած այլ ժողովուրդ։ Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պակաս իրավունք չունի, և այդ իրավունքի մասին դրույթը հենց առկա է այն տեքստում, որով մենք Ադրբեջանի հետ բանակցություններ ենք վարում։ Այն սկզբունքները, տարրերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից և որոնք հնչեցվել են նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից Մեծ Ութնյակի երեք գագաթնաժողովներում՝ լ՛Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում, խոսում են հենց ինքնորոշման այդ իրավունքի մասին։ Այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը պետք է միջազգային իրավական ուժ ունենա։ Դրանով ամեն ինչ ասված է»։
Հարցին՝ վստա՞հ եք, որ այդպես կհանգուցալուծվի, նախարարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ոչ միայն մենք ենք վստահ։ Դա են ցույց տալիս պատմությունն ու օրինակները, որոնք դուք բերեցիք։ Այլ ճանապարհ չկա»։

No comments: