Wednesday, October 12, 2011

Ալիևը ապագայի համար օրենսդրական երաշխիքներ է ստեղծում

Panorama.am. 11-10-2011- Ադրբեջանի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Նախկին նախագահի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ: «Զերկալո» թերթի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-ին այդ երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում կայացել է քննարկում, որտեղ դիտարկվել է խնդրո առարկա օրինագիծը` բաղկացած 12 հոդվածից:
Աղբյուրի համաձայն` օրենքով սահմանվում է, որ «նախկին նախագահ»-ի կարգավիճակ են ունենալու երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձինք` բացառությամբ պաշտոնանկ արված նախագահները:
«Նախկին նախագահը մինչև նախագահ ընտրվելը կամ նախագահի լիազորություններն իրականացնելու ժամանակ կատարած արարքների համար չի կարող ենթարկվել վարչական ու քրեական պատասխանատվության: Նրա ամուսինը (տիկինը) նույնպես չի կարող վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկվել նախկին նախագահի` մինչև նախագահ ընտրվելը կամ նախագահի լիազորություններն իրականացնելու ժամանակ կատարած արարքների համար: Նախկին նախագահն ու նրա տիկինը, բացի հանցանքի վայրում բռնվելու դեպքերից, առանց գլխավոր դատախազի համաձայնության չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատիժ կիրառել չի կարելի, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել չի կարելի, նրանք չեն կարող ենթարկվել անձնական խուզարկության: Սակայն հանցանքի վայրում բռնվելու դեպքում նախկին նախագահն ու նրա ամուսինը կարող են ձերբակալվել»,- օրենքի բովանդակությունն այսպես է փոխանցում «Զերկալոն»:
Ներկայացվածից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է անվտանգության օրենսդրական երաշխիքներ ստեղծել: Ըստ ամենայնի, նա մինչև նախագահ դառնալը և նախագահի լիազորությունների կատարման ընթացքում որոշակի արարքներ է իրեն թույլ տվել, որոնց համար պատժից հետագայում խուսափելու երաշխիքներ է ստեղծում: Այլապես դժվար է հասկանալ` Ադրբեջանի ինչին է պետք այս օրենքը:
Հիշեցնենք, որ այդ երկրի նախկին երեք նախագահներից երկուսը` Աբուլֆազ Էլչիբեյն ու Հեյդար Ալիևը կենդանի չեն: Իսկ երրորդի` Այազ Մութալիբովի դեպքում օրենքի կիրառելիությունը խիստ կասկածելի է: Բանն այն է, որ նրա նկատմամբ արդեն երկու տասնամյակ քրեական գործ կա հարուցված, և նա գտնվում է հետախուզման մեջ (չնայած և գտնվելու ու բնակության վայրն է հայտնի, և այս ընթացքում նա Ադրբեջանում հրապարակային միջոցառման է մասնակցել): Բացի այդ, Մութալիբովի պաշտոնաթողության հանգամանքներն իրավական տեսանկյունից անհարթ են:

Հիշեցնենք, որ նա 1992 թվականին պաշտոնից հեռացվել է Էլչիբեյի ղեկավարած ընդդիմադիր Ազգային ճակատի ճնշման ներքո: Մի ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայիս սահմանադրությունը դեռ գրված էլ չէր: Եվ քանի որ ընդունվելիք օրենքը «նախկին նախագահի» կարգավիճակից զրկում է գործող սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն պաշտոնանկ արված նախագահներին, հավանականություն կա, որ որևէ ակտով (դիցուք` Սահմանադրական դատարանի վճիռ), նրա հեռացումը կգնահատվի որպես պաշտոնանկություն և Մութալիբովը զուրկ կմնա այդ կարգավիճակից: Արդյունքում ստացվում է, որ միակ գործիչը, ով կարող է օգտվել ընդունվելիք օրենքից, գործող նախագահ Իլհամ Ալիևն է:
Իրենց ապագան ապահովագրող քայլերը բնորոշ են բոլոր դիկտատորներին: Հետևաբար Ալիևի այս նախաձեռնության տրամաբանությունը հասկանալի է: Բայց միևնույն ժամանակ այն տարօրինակ է: Պարզ պատճառով` նման քայլը հուշում է մտահոգության առկայության մասին: Ասել է թե, Ալիևը հավանական է համարում ոչ միայն իր, այլև կլանի տապալումը, ուստի ձեռնամուխ է եղել իր ու տիկնոջ անվտանգության ապահովմանը:
Բայց որքան էլ Իլհամ Ալիևը փութաջան լինի այդ հարցում, միևնույն է` քաղաքական որոշումների համար օրենքն ու իրավունքը խոչընդոտ լինել չեն կարող: Օրինակ, այս տարվա սկզբին Թունիսի խորհրդրանը հապճեպ օրենք ընդունեց` նախագահ Բեն Ալիին ազատելով ամեն տեսակ պատասխանատվությունից: Սակայն օրեր անց նոր իշխանություններն առանց վարանելու վերացրեցին օրենքն ու Բեն Ալիի նկատմամբ քրեական գործ հարուցեցին:
Հեղինակ` ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

No comments: