Wednesday, October 12, 2011

«Ակոսի» խմբագիր. Ստամբուլում հայ կնոջը ծեծած վարորդին շուտով կձերբակալեն

News.am. 12-10-2011- Ստամբուլում հայ կնոջն ազգային պատկանելության համար ծեծի ենթարկած տաքսու վարորդին շուտով կձերբակալեն, ոստիկանությունը որոնում է հանցագործին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
Վերջինիս խոսքով, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: «Ծեծվողը Թուրքիայի քաղաքացի է: Վարորդը կնոջը հայ լինելու համար խոշտանգել է եւ մեքենայից դուրս նետել: Այդ կինը ոստիկանություն է գնացել: Հանցագործն այսօր-վաղը պիտի բռնվի, ոստիկանությունը փնտրում է նրան, եւ նա իր պատիժը պիտի կրի: Կինը փաստաբաններ ունի, շատ զորավոր փաստաբաններ են, որոնք լուրջ գործ են արել»,- նշեց Սերոբյանը:
Վերջինս, սակայն, չհայտնեց տուժածի անունը, նշելով, որ վերջինիս մասին տեղեկություններ չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով, սակայն վարորդի ձերբակալությունից հետո անպայման կներկայացնեն թե անունը, թե լուսանկարը: Հայտնի է նրա քրոջ անունը` Անի Ջեւելեք, ով կապ է պահպանում լրատվամիջոցների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Մարմարա» թերթը, Զինջիրլիգու թաղամասում կինը տաքսի է նստել: Վարորդին հաճախորդի առոգանությունը տարօրինակ է թվացել: Վարորդը հարցրել է. «Ձեր առոգանությունից երեւում է, որ դուք թուրք չեք, դուք հա՞յ եք, թե՞ հրեա»: Կինն անկեղծորեն պատասխանել է, որ ինքը հայ է, որից հետո վարորդը ոչ միայն հայհոյել է նրան, այլ հարվածել դեմքին: Դրանից հետո նա դուրս է շպրտել կնոջը ավտոմեքենայից: «Բարեբախտաբար այդ պահին մի փաստաբան է անցել այդ տարածքով եւ գրանցել է ավտոմեքենայի համարանիշները, այնուհետեւ օգնության եկել հայուհուն, ով դիմել է ոստիկանություն»,- գրել էր թերթը:
Ոստիկանները գտել են ավտոմեքենան, սակայն վարորդին հայտնաբերել չի հաջողվել: Ոմանք ասել են, որ նա հոգեկան հիվանդ է եղել:

No comments: