Wednesday, October 12, 2011

ԻՐ ԼԱՐԱԾ ԾՈՒՂԱԿՆ Է ԸՆԿԵԼ

«ԱԶԳ», 12-10-2011- Ի՞նչ հաշվարկ ուներ Իլհամ Ալիեւը, երբ Կազանի հանդիպմանը «մոտ մեկ տասնյակ նոր առաջարկություններ» ներկայացրեց եւ փաստորեն տապալեց Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերը: Հարցին իհարկե միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Կարելի է միայն ենթադրել: Նա հավանաբար սպասում էր, որ ֆրանսիական «Տոտալ» ընկերության հայտնաբերած բնական գազի նոր հանքավայրը չափազանց կկարեւորվի Եվրոմիության կողմից: Այնքան, որ վերջինս «Հայաստանին կստիպի ընդունել նոր առաջարկությունները»:
Ադրբեջանական կողմը, համենայն դեպս, սպասում էր, որ Ֆրանսիայի նախագահը հարավկովկասյան շրջայցի ժամանակ կհնչեցնի «նոր գաղափարներ»: Սարկոզին, մինչդեռ, ըստ էության կրկնեց այն, ինչ վաղուց ասել էին համանախագահ երկրների առաջնորդները: Ըստ երեւույթին, դա սառը ցնցուղ էր Իլհամ Ալիեւի ոգեւորությանը: Իր հերթին ռուսաստանյան կողմն էլ որոշակիորեն «վրեժխնդիր եղավ». ավելի վաղ անոնսավորվել էր, որ Բաքվում «Միջազգային հումանիտար ֆորումին» ներկա կգտնվի Դմիտրի Մեդվեդեւը, սակայն նրա փոխարեն Ռուսաստանը ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Նարիշկինը:
Այս իրավիճակում «Թրենդ» գործակալությունը, հղում անելով վաշինգտոնյան «անանուն աղբյուրին», տեղեկացրել է, որ Սարկոզին «ներկայացրել է նոր առաջարկություններ, որոնք համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ»: Գործակալության մատուցմամբ, «մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Փարիզում»:
Ընդհանուր համապատկերի վրա «Թրենդի» տեղեկությունն այնքան արտառոց է, որ «Զերկալո»-ի մեկնաբանը մի ծավալուն վերլուծություն է արել եւ եկել այն եզրահանգման, թե «ամեն ինչ հավանաբար կմնա այնպես, ինչպես կա»: Թերեւս դա իրականության բավականին անաչառ ընկալում է, ինչը, որքան էլ տարօրինակ հնչի, շտապեց հաստատել Ադրբեջանի ԱԳՆ-ի մի պատասխանատու աշխատակից:
Հանդես գալով «Անվտանգությունը փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում. Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունությունը» թեմայով «միջազգային» գիտաժողովում, Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության վարչության երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյինլին ասել է. «Ցավոք սրտի, «հայ-ադրբեջանական հակամարտության» (չակերտները մերն են-Վ.Ա.) կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն օգնելու փոխարեն դրա արհեստական երկարաձգման հնարավորություն են ստեղծում: Նրանք չեն կարողանում իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը, ներդրում չեն անում հակամարտության կարգավորման գործընթացում: Դա անթույլատրելի է»:
Այստեղ ակնհայտորեն զգացվում է համանախագահների վերջին հայտարարությունից ադրբեջանական կողմի հիասթափվածությունը: Տեւական ընդմիջումից հետո միջնորդները վերստին հաստատել են, որ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանությունը նույնն է մնում, ինչպես եւ` սկզբունքները: Իսկ դա հավասարազոր է նրան, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան մերժում են Իլհամ Ալիեւի «մոտ մեկ տասնյակ նոր առաջարկությունները»:
Կարգավորման բանակցային գործընթացի նույնիսկ թռուցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը մերժել է միջնորդների առաջարկությունները, ապա հետեւել են նորերը, որոնք գոնե տեսական ձեւակերպումներով ավելի մոտ են խնդրի լուծման հայկական կողմի ընկալումներին: Այս նրբությունն, ամենայն հավանականությամբ, դիտարկված է նաեւ Ադրբեջանում: Իսկ քանի որ միջնորդներն, ինչպես իրենք են ասում, «նոր ոչինչ հայտնագործել չեն կարող», ապա Իլհամ Ալիեւին մնում է սեփական նախաձեռնությամբ հրաժարվել «նոր առաջարկություններից» եւ նախկին տրամաբանությամբ շարունակել բանակցությունները` լինեն դրանք Մոսկվայի, թե Փարիզի կամ Վաշինգտոնի անմիջական հովանու ներքո:
Այլընտրանքը ԼՂՀ փաստացի անկախության ճանաչումն է: Իսկ գուցե սեփական ձեռքով լարած ծուղակից դուրս գալու համար Իլհամ Ալիեւն էլ դրա՞ն է սպասում: Քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր, որ նա դեմք փրկի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: