Tuesday, October 25, 2011

Կարեն Բեքարյան. Ադրբեջանը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից

Panorama.am. 25-10-2011- Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ ընտրվելու հանգամանքը չի կարող որևէ կերպ ներազդել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Այնպիսի ֆունկցիոնալ դաշտ, որը կարող է մեզ անհանգստացնել, վնասել ղարաբաղյան կարգավորմանը, չկա, քանի որ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամը նման իրավասություններ չունի»,- նշեց Կ. Բեքարյանը:
Բանախոսը, հատուկ ընդգծեց այն փաստը, որ քաղաքական տեսակետից պաշտոնական Բաքուն այս ընտրությամբ գրեթե ոչինչ չի շահում:
Կարեն Բեքարյանի խոսքերով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամն ունի խորհրդում նախագահելու և ռոտացիոն սկզբունքով փոխվելու հնարավորություն, ինչպես նաև սեփական նախագծի առաջադրման հնարավորություն:
Այս տեսանկյունից, ըստ Կարեն Բեքարյանի, Ադրբեջանը նախկինում ևս չի հանդիպել որևէ խոչընդոտների՝ նախաձեռնությամբ հանդես գալու հարցում:
«Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունները ՄԱԿ-ում ունեցել են իրենց հստակ օժանդակությունը՝ թե՛ իսլամական երկրների, և թե՛ չմիավորման շարժման երկրների կողմից: Հետևաբար՝ նախագծերի նախաձեռնման հնարավորության տեսակետից Ադրբեջանը ոչ շահում է, ոչ տուժում»,- նշեց Կ. Բեքարյանը:
Ըստ քաղաքագետի՝ պաշտոնական Բաքվի այս քայլին դիմելու թերևս իրական պատճառները սեփական հասարակության՝ առկա բազմաթիվ խնդիրներից շեղումն և հաղթողի կերպար ձևավորելու ցանկությունն էր:
«Ադրբեջանը վաղուց էր ձգտում դառնալ ՄԱԿ ԱԽ անդամ և այդ ուղղությամբ ալիևյան կլանը մեծ գումարներ է ծախսել, որպեսզի հաղթողի պատկեր ստեղծի ադրբեջանական հասարակության աչքում՝ շեղելով նրա ուշադրությունը երկրում առկա այլ խնդիրներից: Եթե մենք փորձենք վերլուծել այն երկրները, որոնք քվեարկել են Ադրբեջանի օգտին, կտեսնենք, որ դրանք սոցիալապես ծանր դրություն ունեցող երկրներ են, այսինքն՝ Ադրբեջանը ֆինանսապես աջակցել է այդ երկրներին »,- նշեց Կ. Բեքարյանը:

No comments: