Tuesday, October 25, 2011

Կառավարությունն ընդդեմ եկեղեցու

«Լրագիր» 25-10-2011- Գանձասարի եւ հատկապես Սանահինի պատմությունից հետո Հայ Առաքելական եկեղեցու գործունեության շուրջ աշխուժացած հանրային աղմուկի հանդարտումը թերեւս անհանգստացրել է կառավարությանը, եւ այն որոշել է կրկին աշխուժացնել հանրությանը եւ առաջ բերել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ քննադատության հերթական ալիքը:
Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությունն ինքն էլ գիտակցում է հանրության կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերի վերանայման անհրաժեշտությունը, նույնիսկ պատմական անհրաժեշտությունը, ու փորձում անուղղակիորեն խրախուսել այդ մասին բանավեճերը: Թերեւս այդ քողի ներքո է իշխանությունը դրսեւորում ավելի ու ավելի անձնուրաց եկեղեցապաշտություն, փորձելով այդպես առաջացնել ավանդա-պահպանողական կարծրատիպերի եւ անտարբերության մեջ թաղված հանրության ընդգրկուն դիմադրունակություն եւ հասունացնել հարցը հասարակական առավել լայն դիտարկումների համար:
Հակառակ պարագայում, եթե իրողության ենթատեքստում դա չէ, առնվազն անհասկանալի է դառնում իշխանության պահվածքը, որի գործունեությունը կարծես թե ոչ թե Հայաստանի քաղաքացուն, այլ Հայ Առաքելական եկեղեցուն սպասարկելու համար է: Այլ կերպ դժվար է որակել այն նախագիծը, որը կառավարությունը ներկայացրել է Ազգային Ժողով:
Կառավարությունը ներկայացրել է եկեղեցուն հողատարածքներ հանձնելու մասին մի նախագիծ, որը ներառում է 450-ից ավելի տարածքներ պարունակող ցանկ, որոնք պետք է անցնեն եկեղեցու տնօրինությանը եւ ազատվեն գույքահարկից: Օրինակ` կառավարությունն առաջարկում է եկեղեցու տնօրինությանը հանձնել 20 կտոր հողատարածք, 4 վիլլա, 35 բնակարան, 11 ֆուտբոլային դաշտ, 2 արհեստական լիճ, լճի տակ գտնվող մառաններ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ, տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արոտավայրեր եւ այլն: Ընդ որում, դրանք ոչ միայն հանձնվում են եկեղեցուն, այլ նաեւ ազատվում են գույքահարկից:
Վաղն էլ կառավարությունն ըստ ամենայնի կորոշի Հանրային գերակա շահ ասվածը փոխարինել Եկեղեցական գերակա շահ հասկացությամբ եւ մարդկանց տները վերցնել արդեն եկեղեցու կարիքների համար:
Ահա այդ պայմաններում, կառավարության այդ գործունեության թերեւս միակ առողջ, պետական եւ հանրային շահից բխող մոտիվը կարող է լինել եկեղեցու դերի եւ առաքելության վերանայման մասին հանրային լուրջ քննարկումներ “սադրելը”, այլապես կառավարության գործունեությունը կմնա որակել միայն իբրեւ “կրոնախտ”, որովհետեւ Աստվածավախությունն ու Աստվածապաշտությունը ամենեւին չեն չափվում եկեղեցուն մատուցված գույքային նվիրաբերություններով: Դրանով չի չափվում նաեւ մարդու եւ հասարակության քրիստոնյա լինելը, քրիստոնեավար ապրելակերպը:
Իրական քրիստոնեության օրինակ ցույց տվեց Եվրոպան, որտեղ Աստծո անունից հանդես եկող եւ մարդկային աշխատանքը դրանով շահարկող եկեղեցիներին հեռու մղեցին պետական գործերից, որպես պետության համար կարեւոր արժեք աստիճանաբար առաջ բերելով Աստծո ստեղծագործություն հանդիսացող մարդուն:
Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե կառավարությունն ինչու անմիջապես ինքը չի դնում եկեղեցու դերի վերանայման հարց, եթե դա է իր “սադրանքի” նպատակը:
Այստեղ իհարկե կա թերեւս այն հանգամանքը, որ հարյուրամյակներ շարունակ կարծրատիպերով եւ միֆական մտածողությամբ սնուցված ժողովրդին միայն “սադրանքի” գնով է հնարավոր հանել այդ արգելակող կարծրատիպերի եւ որեւէ արդիականացում եւ առաջընթաց զսպող միֆերի դեմ, դրանցից ձերբազատելու եւ ազատ զարգացման հուն դնելու համար, ինչը ձեռնտու է թե ժողովրդին, թե նաեւ շահեկան է հենց իրենց` միֆականացված կառույցների, այդ թվում եւ Հայ Առաքելական եկեղեցու համար:
Սա իհարկե կլինի թերեւս խիստ լավատեսական պնդում, որովհետեւ հանրային շրջանակների զգալի մասը համոզված է, որ գործ ունենք ընդամենը Հայաստանում կրոնապետության հաստատման հետ, որով իշխանությունը փորձում է եկեղեցուն էլ տալ իշխանության պահպանության ֆունկցիա, ինչպես տվել է ասենք ոստիկանությանը, բանակին, օլիգարխիային: Պարզապես եթե դրանք ունեն զուտ ուժային եւ մի քիչ էլ տնտեսական, ապա եկեղեցին կունենա բարոյաուժային ֆունկցիա:
Ավելին, վաղը գուցե ամենեւին զարմանալի չի լինի, եթե ասենք ընտրության կեղծիքի դեմ քաղաքացիական բողոքի խաղաղ ցույցերը ցրեն ոչ միայն ոստիկանները, կամ ոչ այնքան ոստիկանները, ինչքան հոգեւորականի վեղարի տակ գործող իշխանության պահապանները:
Համենայն դեպս այն, ինչ կատարում է այսօր կառավարությունը, հավանական է դարձնում հենց այդ զարգացումը, եթե հանրային շրջանակում ի վերջո չձեւավորվի այդ գործունեության հանդեպ լրջագույն քաղաքացիական շարժում:
Եվ, եկեղեցու այսպես ասած պաշտպաններին ու պահապաններին կարիք չկա դա անմիջապես որակել իբրեւ շարժում եկեղեցու դեմ: Հակառակը, դա շարժում է հանուն եկեղեցու, որպեսզի իշխանության վերարտադրության կրոնամոլական հակումները Հայ Առաքելական եկեղեցուն չդարձնեն քաղաքացիական Հայաստանի հակառակորդ:
Ինչպես երեւում է, եկեղեցու ղեկավարությունը բացարձակապես մտադրություն չունի խուսափել այդ հեռանկարից: Ավելին, եկեղեցու ղեկավարությունը կարծես թե մեծագույն հաճույքով է գնում իշխանության հետ այդ գործարքներին եւ ընդունում նվիրաբերությունը, համաձայնելով իշխանության վերարտադրության մեջ բարոյաուժային ֆունկցիոներության կարգավիճակին:
Այդ իսկ պատճառով, միակ հնարավորությունը մնում է հասարակության շարժումը հանուն եկեղեցու առողջացման, հանուն հանրային կյանքում եկեղեցու դերի արդիականացման եւ ընդդեմ հասարակության հետ հավասարապես նաեւ եկեղեցուն հարվածող իշխանության կրոնապետական հակումների, որի գործընկեր է դարձել նաեւ եկեղեցու ղեկավարությունն իր լուռ կամ բացահայտ համաձայնությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: