Tuesday, October 25, 2011

NEWS.am-ը Թեհրանում մասնակցում է Մեդիայի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսին (ֆոտո)

News.am. 25-10-2011- Իրանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մեկնարկել է Մեդիայի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսը: Մայրաքաղաք Թեհրանի Այաթոլլա Խոմեյնիի անվան կենտրոնում սկսված ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 50 երկրներից 100-ից ավելի միջազգային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք էր հղել Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին ողջունելով հյուրերին՝ նշել է, որ միջոցառման կազմակերպիչները քաղաքական նպատակներ չեն հետապնդում, սակայն ակնկալում են, որ մամուլը եւ հատկապես արտասահմանյան մամուլը ավելի ուշադիր կլուսաբանի Իրանի վերաբերյալ իրադարձությանները:

«Իրանի լրատվամիջոցների վրա մեծ պատասխանատվություն կա, քանի որ նրանք պետք է կարողանան Իրանը հավուր պատշաճի ներկայացնել աշխարհին: Մենք ապրում ենք զգայուն տարածաշրջանում եւ պետք է կարողանանք այնպես ներկայացնել Իրանը, որ հարեւանները վստահությամբ լցվեն Իրանի հանդեպ»,- նշեց Հոսեյնին:

Նշենք, որ Մեդիայի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում իսլամական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ոչ-իսլամական երկրներից ներկա է նաեւ Հայաստանը: Ցուցահանդեսին մասնակցում են NEWS.am լրատվական-վերլուծական, եւ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունների ներկայացուցիչները: Խոմեյնու անվան կենտրոնում բացվել են մոտ 600 տաղավարներ:

No comments: