Saturday, October 22, 2011

«Մինսկի խումբն արցախյան գործընթացի ակտիվացման ուղիներ է փնտրում». Բրայզա

Տարածաշրջան հերթական այցի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են այն հարցերի լուծման հիմնական սկզբունքները եւ ուղիները, որոնք երկու կողմերը ձեւակերպել են Կազանում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
«Մինսկի խումբը միջոցներ է փնտրում` ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացը», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բրայզան եւ հավելել, որ Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, ամենաբարձր մակարդակով ակտիվորեն փորձում է նպաստել Մինսկի գործընթացի առաջխաղացմանը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այսօր կարեւոր է ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ ապա անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջնական խաղաղ համաձայնությանն ուղղված բանակցություններին։ Տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է, ինչպես եւ անընդունելի է հակամարտության ռազմական կարգավորումը։ Այդ իսկ պատճառով, կողմերը պետք է արագացնեն բանակցությունները», – ասել է Բրայզան։
Աղբյուր` «Ազատություն» ռադիոկայան

No comments: