Tuesday, October 25, 2011

ՄԱԿ–ը կազմել է մարդկության վերացման քարտեզը. հայերին ոչնչացում չի սպառնում

Tert.am. 24-10-2011- ՄԱԿ–ի գիտնականները կազմել են մարդկության ոչնչացման քարտեզը, որի համաձայն, Ռուսաստանը, Հունգարիան, Մակեդոնիան ընդգրկվել են «բոլորից շուտ ոչնչացող երկրների տասնյակում»։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանը, օրինակ, վերանալու է 2888թ., այսինքն, 800 տարի անց, Ուկրաինան՝ Ռուսաստանից 400 տարի ուշ, իսկ ԱՄՆ–ն՝100 000–ական թվականներին։
Գիտնականների կարծիքով՝ կան երկրներ, որոնք ընդհանրապես չեն վերանալու, դրանք են՝ Մերձավոր Արևելքի երկրները, բացառությամբ Իրանի, ողջ Աֆրիկան, Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրները (Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը), Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, բացառությամբ, Բրազիլիայի և Չիլիի։
Հաղորդվում է, որ կանխատեսումներն արվել են բնակչության վերատադրողականության (ծնելիության) մաքուր գործակցի հիման վրա։
Մոտ 120 երկրում այդ գործակիցը մեկ միավորից բարձր է, ինչը նշանակում է, որ ամեն սերնդի հետ ոչ միայն տվյալ երկրի բնակչության թիվն է աճում, այլև աղջիկների թիվը, և արդյունքում նման երկրի ոչնչացում չի սպառնում։ Այդ երկրների մեծ մասը ծնելիության բարձր մակարդակ ունեցող զարգացող երկրներն են։ «Չոչնչացող երկրների» շարքում կան նաև զարգացած երկրներ, ինչպես օրինակ, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Իսրայելը։
Աշխարհի 73 երկրում բնակչության վերարտադրողականության գործակիցը մեկից ցածր է, այսինքն, վաղ թե ուշ, նման երկրներում կանայք չեն լինի, իսկ տղամարդիկ, առանց նրանց, ինքնավերարտադրվել «չեն կարողանա»։
Նշենք, որ Հայաստանում ծնելիության գործակիցը 1,5–է։
Ուսումնասիրության համաձայն՝ բոլորից շուտ ոչնչացող 10 երկրներն են՝ Մակաոն, Հոնկոնգը, Բոսնիան և Հերցեգովինան, Ռուսաստանը, Մալթան, Սինգապուրը, Ռումինիան, Սլովակիան, Հունգարիան, Մակեդոնիան։
Բոլորից ուշ մահացող երկրների շարքում են՝ ԱՄՆ–ն, Թունիսը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նորվեգիան և այլն։

No comments: