Tuesday, October 25, 2011

Մեկ ամիս անց Ալիևը որոշեց արձագանքել Երևանի զորահանդեսին

Tert.am. 25-10-2011- Երևանում կայացած զորահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ՝ ֆորպոստ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում ANS Press–ը, կառավարության նիստին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զուգահեռներ անցկացնելով ադրբեջանական և հայկական բանակների միջև՝ Ալիևն ասել է, որ այդտեղ համեմատելու որևէ բան չկա. «Ադրբեջանը հզորանում է, Հայաստանը՝ թուլանում, Ադրբեջանի բնակչության թիվն աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում»։
Ընդգծելով, որ Երևանում զորահանդեսի անցկացումը «մեծ սխալ էր», Ադրբեջանի նախագահն ասել է. «Եթե մինչև հիմա նրանք փորձում էին ինչ–որ մեկին միֆերի և ֆանտազիաների հաշվին համոզել, թե հայկական բանակն ամենահզորն է, ապա նրանց կողմից անցկացված, այսպես կոչված, զորահանդեսից հետո բոլորը հասկացան՝ ինչ տխուր վիճակում է հայկական բանակը։ Ես, հավանաբար և դուք, և ողջ հանրությունն առաջին անգամ տռեսանք, որ ռազմական տեխնիկան ընդունակ չէ տեղաշարժվել ինքնուրույն. այն տեղաշարժում էին բեռնատարների և քարշակների միջոցով։ Կամ այդ տեխնիկան սարքին չէ, կամ այնտեղ վառելիք չկա, կամ էլ երկուսը միասին։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ ֆորպոստ»։
Ալիևը զարմանք է հայտնել նաև զորահանդեսին հայ հոգևորականների մասնակցության կապակցությամբ։
«Զորահանդեսին հոգևորականների մասնակցությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Քահանաները քայլում են որպես զինվորներ։ Դժվար է այդ ամենը բառերով նկարագրել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը նվաճողական քաղաքականության պատճառով բախվել է ժողովրդագրական լուրջ խնդիրների։ Սակայն մենք պատկերացում անգամ չունեինք, որ այնտեղ զինվորական ծառայության են սկսել կանչել նաև հոգևորականներին։ Դա, սակայն, ծիծաղելի է և ողբերգական։ Կարծում եմ` նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կծառայի իրենց շահերին»,– ասել է Ադրբեջանի նախագահը։

No comments: