Wednesday, October 26, 2011

ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 26-10-2011- Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները, քննարկել պետական տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումն ու սահմանային համագործակցությունը: Վեհաժողովին մասնակցում են 200 քաղաքի 350 պատվիրակներ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ՏԻՄ համակարգն ունի ձեւավորված օրենսդրական դաշտ: Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով որոշակիորեն տարանջատվել են պետական կառավարման մարմիններից եւ առանձնացել որպես ինքնուրույն օղակ: 2009-ից Երեւանը Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջինն էր, ուր տեղի ունեցան քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ:
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի վեհաժողովին մասնակցելու նպատակով Երեւանում է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: Նա երեկ Ծիծեռնակաբերդում էր: Փարիզի քաղաքապետը եղեւնի է տնկել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակում եւ գրություն թողել պատվավոր հյուրերի գրքում: Դելանոեն ասել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ եւ պետք է պատժվի: Նա նաեւ հիշեցրել է, որ Ֆրանսիայում նախաձեռնվել է Ցեղասպանության մերժման համար քրեական հետապնդում նախատեսող օրինագիծ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 2001-ին ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը Սենատում չի ընդունվել:
Հոկտեմբերի 6-7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանում Թուրքիային կոչ արեց առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ հայտարարեց Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման օրենքի ընդունման հնարավորության մասին:

No comments: