Tuesday, October 25, 2011

Հայաստանին ծուղակ են քաշում

«Լրագիր» 25-10-2011- Ռուսական ԶԼՄ-ները, հատկապես նրանք, որոնք այս 4 տարիներին բավական բացասական էին արձագանքում Մեդվեդեւի «մոդեռնացման» կուրսին եւ պաշտպանում Պուտինի կոշտ գիծը, ագրեսիվ առաջ են տանում Եվրասիական միության գաղափարը:
Գլխավոր փաստարկը, թե ինչու Հայաստանի նախագահը պետք է համաձայնի Եվրասիական միությանն անդամակցելու գաղափարին, դառնում է Հաագայում հայտնվելու հնարավորությունը: Հենց դա են առաջարկում ռուսական լրատվամիջոցները, թերեւս ակնարկելով, որ Ռուսաստանը կարող է 2008 թ. մարտի 1-ի «հանցանշաններ» ներկայացնել Հաագա, որից հետո Սերժ Սարգսյանն ու ուրիշները կարող են հայտնվել սերբ գործընկերների կողքին:
Այնպես որ, հնարավոր է շուտով մամուլում հայտնվի կոմպրոմատ Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու եւ ցուցարարներին գնդակահարելու հարցում անմիջական մասնակցության մասին: Գուցե, այլ փաստաթղթեր եւս:
Ռուսական մամուլի այս պահվածքը նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ դիմադրում է եւ չի համաձայնում անվերապահ միանալ մաքսային միությանը: Հակառակ պարագայում, ինչ կարիք կար սպառնալ: Եւ այս իրավիճակում Սերժ Սարգսյանը պետք է աջակցություն զգա՝ սեփական հանրության, ընդդիմախոսների, արեւմտյան հանրության կողմից, որոնք կարող են չեզոքացնել ռուսական սպառնալիքները:
Այս աջակցությունը Սերժ Սարգսյանի համար համադարման չի լինի, այն չի փրկի ընտրություններից կամ ներքին քաղաքականության քննադատությունից, սակայն այն Հայաստանին հնարավորություն կտա դիմանալ հզոր ճնշմանը, որ գործադրում է Ռուսաստանը: Այդ ճնշման տակ կարող է ոտնատակ գնալ 20-ամյա անկախությունը, մեր ապագան, որը հերթական անգամ կարող է դառնալ ռուսական ծրագրերի պատանդը:
Իսկ իր նախագահներին Հաագա ուղարկելու իրավունք ունի հայ ժողովուրդը, առանց Կրեմլի: Հայ ժողովուրդը կանի դա, եթե անհրաժեշտ համարի:
Նաիրա Հայրումյան

No comments: