Wednesday, October 12, 2011

Թուրքիան զգուշացնում է Ֆրանսիային

top-news.am- 11-10-2011- Ներքաղաքական եւ նախընտրական նպատակներով Հայկական հարցի եւ Թուրքիայի դերակատարության շահարկումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ Անկարայի եւ Փարիզի հարաբերությունների համար: Սա է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլույի՝ Ֆրանսիայի քաղաքական առաջատար ուժերին հղած ուղերձի հիմնական իմաստը, գրում է Azatutyun.am-ը:
Անցած շաբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեւանյան այցի ավարտից ժամեր անց, Թուրքիայի դեսպանն այցելել է Ելիսեյան պալատ եւ հանդիպել Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ:
Թուրքական Hurriyet-ի տեղեկություններով, դեսպան Բուրջուօղլուն խնդրել է՝ «Թուրքիան որպես նախընտրական քարոզչության գործիք չօգտագործել»: Հիշեցնենք, որ Երեւանում Նիկոլա Սարկոզին կոչ էր արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Թուրքիայի դեսպանն այսքանով չի սահմանափակվել, նա նաեւ նամակ է հղել Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Սոցիալիստների առանցքային ղեկավարներից մեկին՝ Ֆրանսուա Օլանին:
«Կոչ եմ անում ձեզ խուսափել Թուրքիային վերաբերող հարցերը ներքաղաքական օրակարգ բերելուց», - գրել է թուրք դիվանագետը:
Ըստ թուրքական պարբերականի, այն հանգամանքը, որ Բուրջուօղլուն դիմել է սոցիալիստ Օլանին, եւս պատահական չէ: Հենց ֆրանսիացի սոցիալիստներն էին, որ մի քանի ամիս առաջ խորհրդարանի օրակարգ վերադարձրեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Ավելին, Ֆրասնուա Օլանը 2012-ի նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկն է:
Իր այս քայլը դեսպան Բուրջուօղլուն հետեւյալ կերպով է բացատրել․ - «Մեր ուղերձը միայն Սարկոզիի համար չէ, այն նախատեսված է ֆրանսիական ողջ քաղաքական դասին: Մենք հստակ ընդգծում ենք, որ նման հռետորաբանության կիրառումը երկկողմ հարաբերությունների կատարյալ ձախողումից բացի որեւէ այլ արդյունքի չի հանգեցնի;Մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ,բայց նման հայտարարությունները այդ նպատակի իրագործմանը չեն նպաստում»:
Ի դեպ, ընդամենը երկու շաբաթ առաջ Օլանը կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության խնդրին՝ նշելով, թե ֆրանսիական սենատում առկա սոցիալիստական մեծամանությունը մեկ անգամ էլ կփորձի Ցեղասպանության ժխտման քրեականացումը նախատեսող օրինագիծը ընդգրկել օրակարգում: Բացի այդ, ըստ ֆրանսահայ մամուլի, Օլանին աջակցություն են հայտնել Ֆրանսիայում գործող դաշնակցական կառույցները:
Ֆրանսիական եւ թուրքական մամուլի գնահատականների համաձայն, հայկական ծագում ունեցող ֆրանսիացի ընտրողների թիվը տատանվում է 400-ից 500 հազարի միջակայքում:

No comments: