Monday, October 24, 2011

Իլհամ Ալիեւը պետք է ընտրություն կատարի Նախիջեւանյան կլանի եւ Փաշաեւների միջեւ

News.am. 23-10-2011- Իլհամ Ալիեւը հայտնվել է Նախիջեւանյան կլանի եւ Փաշաեւների կլանի միջեւ. նա պետք է ընտրություն կատարի, նման կարծիք է արտահայտել ադրբեջանցի քաղաքագետ Իբրահիմ Իբրահիմլին` անդրադառնալով Իլհամ Ալիեւի` «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցին, ինչպես նաեւ Գաբալայում կայացած Նախիջեւանյան կլանի հանդիպմանը, հաղորդում է «Ազադլըգը» թերթը:
Իբրահիմլին մասնավորապես նշել է, որ դեռեւս 2008-ին Մեհրիբան Ալիեւան ակտիվ քարոզչություն էր տանում նախագահի պաշտոնում ընտրվելու համար, սակայն Սահմանադրության մեջ մտցված փոփոխությունը, ըստ որի` նախագահը կարող է առաջադրել իր թեկնածությունը առանց որեւէ ժամկետային սահմանափակման, կասեցրեց նրա ծրագրերը:
«Երկար ժամանակ է, ինչ Փաշաեւները պայքար են մղում իշխանության գալու համար, եւ այդ ընտանիքը զգալիորեն թուլացրել էր իշխող Նախիջեւնյան կլանի դիրքերը: Դրա համար էլ կլանի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունը, կանխեց Փաշաեւների առաջընթացը քաղաքական ասպարեզում: Սակայն Փաշաեւները, կառուցելով հզոր տնտեսական կարողություն, լուրջ դիվիդենտներ ձեռք բերեցին: Ավելին, արաբական աշխարում տեղի ունեցող իրադարձությունները դասավորվեցին ի նպաստ Փաշաեւների: Այժմ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ Արեւմուտքը թույլ չի տա իրեն եւս մեկ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, ուստի մտածում է պաշտոնը ժամանակավորապես հանձնել Մեհրիբան Ալիեւային»,-ասել է քաղաքագետը:
Իբրահիմլիի կարծիքով, Իլհամ Ալիեւը տատանվում է` ում տալ առաջնությունը` Նախիեւանյան կլանին թե Փաշաեւներին, սակայն պետք է հստակ որոշում կայացնի այդ կապակցությամբ: «Գաբալայում տեղի ունեցած հանդիպումը փաստում է, որ ներիշխանական օղակներում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ աշխարհը փոխվել է, եւ կլանները այլեւս չեն կարող գալ իշխանության: Բացի այդ, Ադրբեջանում առկա է ուժեղ ընդդիմությունը, որը ցանկանում է դեմոկրատական երկիր կառուցել»,-եզրափակել է Իբրահիմլին, նշում է թերթը:
Հիշեցնենք, որ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել էր, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Նա նաեւ նշել էր, որ դա կախված է այն բանից, թե արդյոք ժողովուդը կցանկանա օժանդակել իրեն առաջիկա ընտրությունների ժամանակ: Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը լուրջ քննարկումների տեղիք է տվել երկրում, մասնավորապես մի շարք կլանների միջեւ պայքար է սկսվել նախագահի պաշտոնի համար: Հավանական թեկնածուների շարքում է Մեհրիբան Ալիեւան, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը:


No comments: