Tuesday, October 25, 2011

Դավութօղլուն այլ կերպ է մեկնաբանել Էրդողանի կողմից Հայաստանի օգնությունը մերժելու քայլը

News.am. 25-10-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սերբիա կատարած այցի ընթացքում իր զարմանքն է հայտնել, որ մամուլում գրում են, թե Թուրքիան իր դռները փակել է միջազգային օգնության առջեւ։
Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ահմեդ Դավութօղլուն պնդել է, թե իրենք օգնություն ցուցաբերել ցանկացող ոչ մի երկրի չեն մերժել։ «Ես շատ զարմացա, երբ իմացա, որ միջազգային մամուլում գրվել է, թե Թուրքիան իր դռները փակել է միջազգային օգնության առջեւ։ Ընդհակառակը, Թուրքիայի վարչապետն այդ բոլոր երկրներին օգնության համար շնորհակալություն հայտնեց։ Մոտ 20 երկրից օգնություն է եկել, որի համար շնորհակալություն ենք հայտնել»,-նշել է Դավութօղլուն։
Նշենք, որ ավելի վաղ, Էրդողանն ասել էր, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:

Ի դեպ, այս առնչությամբ, թուրքական Hurriyet-ը տարակուսանք է հայտնել, որ Անկարան հրաժարվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունաստանի եւ Լեհաստանի առաջարկած օգնությունից, նաեւ Հայաստանի, որի հետ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի:
«Այս ծանր պահին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին` օգնություն առաջարկելով: Թել-Ավիվը եւս անտարբեր չմնաց: Բայց անհասկանալի պատճառներով Անկարան ընդունեց միայն Ադրբեջանի եւ Պակիստանի օգնությունը»,- գրել է պարբերականը:

No comments: