Tuesday, October 25, 2011

Իրանցի պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կատարած գործողություններն անմարդկային է որակել

Panorama.am. 25-10-2011- «Ոչ մի տեղ սահմանում մոլորված զինվորին չեն սպանում, բայց Ադրբեջանի Հանրապետության սահմանապահները անամոթաբար անմարդկային ձևով սպանեցին իրանցի զինծառայողին` անտեսելով սահմանապահ ծառայության մասին բոլոր նորմերը»:
Այդ մասին իրանական «ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Արևելյան Ազարբայջան նահանգի «Բասիջ» (պայքարող ուժ) կազմակերպության նախագահ Ալի Ասղար Ռամեզանին:
Իրանցի պաշտոնյան, դատապարտելով Ադրբեջանի սահմանապահների կատարած գործողությունը, նշել է. «Իրանի ժողովուրդն այդ միջադեպը անուշադրության չի մատնի, այդ առումով համապատասխան կառույցները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի ադրբեջանցի սահմանապահը ձերբակալվի և միջազգային նորմերին համապատասխան արդար դատավարություն ընթանա»:
Նշենք, Արդեբիլ նահանգի սահմապահ ծառայության հրամանատար, գնդապետ Սեյյեդ Մոջդաբա Մուսավին, ադրբեջանցի սահմանապահների գործողություններն անօրինական որակելով, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի սահմանապահները մինչ իրանցի զինծառայողի ուղղությամբ կրակելը և նրան սպանելը, իրանցի զինծառայողին ձերբակալել էին, ուստի չզինված զինծառողի վրա կրակելու և սպանելու որևէ հիմք գոյություն չուներ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին` ժամը 14-ի սահմաններում սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
Միջադեպի առնչությամբ` Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ և վերջինիս հանձնել իրանական կողմի բողոքի նոտան:

No comments: