Monday, October 24, 2011

Սերժ Սարգսյանի նոր խոսնակը

«Լրագր» 24-10-2011- Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ռեգնում գործակալությանը ներկայացրել է իր եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները Եվրասիական միության անդամակցության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Եվրասիական միությունը Վլադիմիր Պուտինի գաղափարն է, որ նա փորձում է իրականացնել հետխորհրդային տարածքում:
Արա Աբրահամյանը այդ գաղափարը անհրաժեշտություն է համարում, ասելով, որ մարդիկ դրան վաղուց են սպասում, այդ թվում եւ Հայաստանում:
Այն, որ Արա Աբրահամյանը ողջունում է Պուտինի գաղափարները, որեւէ առումով զարմանալի չէ, անկախ դրանց լավը կամ վտագավոր, կամ անցանկալի լինելուց: Մարդը Ռուսաստանում է հարստացել եւ եթե Պուտինի հետ լավ չլինի, եթե Պուտինի շնչելն ու արտաշնչելը պատմական անհրաժեշտություն չորակի, կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանում, այլ նույնիսկ նաեւ աշխարհում:
Բոլորովին այլ խնդիր է, որ Արա Աբրահամյանը խոսում է Հայաստանի եւ Սերժ Սարգսյանի անունից: Բացի այն, որ Աբրահամյանը հայտարարում է, թե Հայաստանում վաղուց էին սպասում Եվրասիական միությանը, նաեւ հայտարարում է, թե ինքը խոսել է Սերժ Սարգսյանի հետ Եվրասիական միության մասին եւ ստացել դրական պատասխան:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը նոր մամուլի խոսնակ ունի, ի դեմս Արա Աբրահամյանի, որը իրեն կարող է թույլ տալ Հայաստանի նախագահի անունից հայտարարություններ անել կարեւորագույն քաղաքական հարցերի կապակցությամբ: Արա Աբրահամյանը երեւի չի պատկերացնում, որ Եվրասիական միության գաղափարը, դրան Հայաստանի կամ որեւէ այլ պետության անդամակցության հարցը պետական քաղաքականության, ինքնիշխան պետականության կարեւոր գործընթաց են, որի մասին տվյալ պետության առաջին դեմքի անունից հայտարարություն անելու իրավունք ունի այդ դեմքը կամ նրա մամուլի խոսնակը, բայց հաստատ ոչ Ռուսաստանում սնված ու հարստացած միլիոնատերը կամ միլիարդատերը:
Կամ էլ Սերժ Սարգսյանն ու նրա աշխատակազմը չի պատկերացրել, որ Արա Աբրահամյանն այդքանը չի պատկերացնում: Այլապես նրան պետք էր զգուշացնել, որ Սարգսյանի հետ մասնավոր զրույցները լրատվական գործակալությունների առաջ Սերժ Սարգսյանի անունից քաղաքական հայտարարություններ անելու համար չեն: Իսկ գուցե Սերժ Սարգսյանն ու աշխատակազմն էլ չեն պատկերացնում, թե ինչ լուրջ խնդրի մասին է խոսքը, կամ ինչ լուրջ բան է պետական քաղաքականությունը միջազգային գործընթացներում, այլապես դրա վերաբերյալ զրուցակիցներ ընտրելիս մի քիչ ավելի զգույշ կլինեին:
Չի բացառվում նաեւ, որ Պուտինի “մոտիկ” Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանին այսպես ասած փաստի առաջ է կանգնեցրել, նրա անունից հայտարարություն անելով: Այսինքն, Սերժ Սարգսյանը ներկայում կամ լուռ, կամ հրապարակավ պետք է հաստատի Աբրահամյանի ասածը, կամ պետք է հերքի` հայտարարելով, որ նրան այդպիսի բան չի ասել: Իսկ հերքելը կնշանակի առաջացնել Ռուսաստանի խանդը կամ զայրույթը, ինչից Հայաստանի իշխանությունն իհարկե ահագին վախենում է եւ զգուշանում:
Բայց, տվյալ պարագայում հերքել անշուշտ պետք է, հենց միայն նրա համար, որ Արա Աբրահամյանն ու մնացյալ այսպես ասած ռուսաստանահայ միլիոնատերերը կամ միլիարդատերերը չմտածեն, որ իրենց ունեցած հարստության չափն ու Պուտինի հետ մոտիկության աստիճանը իրենց իրավունք են վերապահում Հայաստանի անունից անել այդպիսի քաղաքական հայտարարություններ: Այդպիսի հայտարարությունների “ինդուլգենցիա” չի կարող լինել նաեւ այն, որ այդ հարուստները Հայաստանում բարեգործական կամ ներդրումային ծրագրեր են իրականացնում: Եթե դրանց գինը պետական արժանապատվությունն ու ինքնիշխանությունն է, ապա այդ բարեգործական ծրագրերն ու ներդրումները ոչ թե օգնում են ամրացնել Հայաստան պետությունը, այլ այն պարզապես ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ են դնում Ռուսաստանից:
Ստացվում է, որ բարեգործությամբ կամ ներդրումներով, այդ մարդիկ Ռուսաստանի համար գնում են Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը: Կգա գուցե մի ժամանակ, երբ այեւս Սերժ Սարգսյանը Մոսկվա այցելելու եւ ՌԴ ղեկավարության հետ հանդիպելու կարիք չի ունենա, քանի որ այդ բանը կանի ասենք Արա Աբրահամյանը: Սերժ Սարգսյանին կմնա միայն հանդիպել Արա Աբրահամյանի հետ, որպես Հայաստանում Կրեմլի առաջնորդական փոխանորդի հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: