Tuesday, October 25, 2011

Հրանտ Բագրատյանը «բացարձակ հիմարություն» է անվանում եկեղեցուն հարկային արտոնության տրամադրումը

News.am. 25-10-2011- Հայ Առաքելական եկեղեցուն շատ հողեր ու հարկային արտոնությունների տրամադրումը «բացարձակ հիմարություն է», այսօր` հոկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում հատարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովում ներկայում շրջանառվող օրինագծով գույքահարկի ու հողահարկի արտոնություններ են սահմանվում Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող գույքի ու հողի նկատմամբ:
Սակայն, ըստ Հ. Բագրատյանի` «ինչքան շատ հզորանա եկեղեցին, այնքան պետությունը կթուլանա»: Որպես օրինակ նա նշեց հայ Արշակունիների թագավորությունը, որի կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էր:
Բագրատյանը հայտարարեց նաեւ, որ եկեղեցու բանադրանքից չի վախենում` «մեկն լինի, իրանց բանադրի»: Սակայն անհրաժեշտ է համարում, որ Հայ Առաքելական եկեղեցին հրապարակի իր «բալանսը»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում Եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու օրինագիծը բուռքն քննարկումների առիթ է դարձել: Ըստ այդմ, Մայր Աթոռն արդեն ուղարկել էր հուշարձանների եւ սուբյեկտների ցանկը, որոնց վերաբերելու է արտոնությունը: Ցանկում նշվել է 459 հուշարձան եւ 286 կառույցի ցանկ, որոնց թվում են հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն: «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք հարկային այդ արտոնությունը նպաստելու հոգեւոր այն խնդիրներին, որոնք լուծելու է Մայր Աթոռը»,- հետաքրքվել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

No comments: