Tuesday, October 25, 2011

The Times: Թուրքիան պետք է ընդուներ Հայաստանի օգնությունը

Panorama.am. 25-10-2011- Անգլիական The Times թերթը քննադատել է Թուրքիային Վանի երկրաշարժից հետո հարևան երկրների` իրեն առաջարկած օգնությունը մերժելու համար: Այս մասին հղում անելով «The Times»ին գրում է թուրքական Sondakika.com լրատվական կայքը:
«The Times»-ի հրապարակած հոդվածում մասնավորապես ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանային կայունությունը բարիդրացիական հարաբերությունների հիման վրա է ամրապնդվում, իսկ Թուրքիան այսօր մերժեց իրեն առաջարկվող այդ հարաբերությունները:
«1999թ երկրաշարժից հետո Թուրքիան ընդունեց Հունաստանի օգնությունը և սրա շնորհիվ երկու երկրների միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեկ ամիս անց Թուրքիան օգնություն ցույց տվեց Աթենքում երկրաշարժից տուժածներին: Սակայն այսօր Թուրքիան մերժեց ոչ միայն Հունաստանի, այլ նաև Իսրայելի ու Հայաստանի առաջարկած օգնությունը: Ի տարբերություն 10 տարի առաջվա Թուրքիայի, այսօրվա Թուրքիան անկասկած ավելի ժամանակակից, ավելի անվտանգ ավելի բարգավաճ մի երկիր է, սակայն ոչ մի երկիր այսօր այնքան զարգացած չէ, որ ինքնուրույն կարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները»,-ասվում է անգլիական պարբերականի հոդվածում:
Թերթը նաև նշում է, որ Էրդողանի 2003 թ.-ին իշխանության գլուխ գալուց ի վեր Թուրքիան ավելի է հեռացել Եվրոպայից և մոտեցել է Միջին Արևելքին:

No comments: