Tuesday, October 25, 2011

«PKK-Ն ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՈՐ ՓՐԿԻ ՍԻՐԻԱՅԻՆ»

Հայտարարել է Աբդուլլա Օջալանի կրտսեր եղբայր Օսմանը

«ԱԶԳ», 25-10-2011- Հոկտեմբերի 19-ին Հաքքյարիում PKK-ի ձեռնարկած հարձակման հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 24 թուրք զինծառայող: Ի դեպ, այս տարվա հուլիսին էլ Սիլվանում PKK-ն սպանեց 13 զինծառայողի: Մինչ այդ սպանությունները շոկի էին մատնում Թուրքիայի ղեկավարներին, իսկ թուրք ժողովրդինՙ հուսահատության, թե ինչու զինված ուժերին չի հաջողվում մեծ կորուստներ պատճառել «անջատողական» ահաբեկիչներին, ահա հոկտեմբերի 23-ին 7,2 բալանոց երկրաշարժը շուրջ 30 վայրկյան ցնցում է Վանն ու Արճեշը:
Թեեւ վերջին տվյալներով զոհերի թիվը 239 էր, սակայն երկրաշարժի պատճառած ավերածությունները երկու քաղաքներում էլ մեծ են, հատկապես տուժել է Արճեշը, շրջակա գյուղերըՙ առավել եւս: Այսինքնՙ զինծառայողների սպանությունից ընդամենը մի քանի օր հետո Թորքիան բախվել է երկրորդ աղետին: Սակայն դա ամենեւին էլ չի խանգարել, որ շարունակվեն դավադրության թուրքական որոնումները:
Որոնումների պարագայում խոսքը զորամասերի վրա հարձակվելիս PKK-ին իբր ցուցաբերող արտերկրյա օգնության մասին է: Հաքքյարիում իրականացված հարձակման հաջորդ օրը թուրքական իշխանությունները PKK-ին աջակցող երկրների շարքում, թեկուզ կասկածանքով, այնուամենայնիվ, առաջինը նշում էին Սիրիային: Այն, ինչ դեռեւս նպատակահարմար չեն գտել թուրքական իշխանությունները, գտել էր PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կրտսեր եղբայր Օսմանը, բացեիբաց հայտարարելով. «PKK-ն հարձակվում է հանուն Սիրիայի»:
Թե Սիրիայի հետ ինչ առնչություն ունեն PKK-ի վերջին շրջանում հաճախակի դարձած հարձակումները զորամասերի, զինվորական կայանների վրա, գիտեն միայն թուրքական իշխանությունները, զինված ուժերի գլխավոր շտաբն ու Ազգային հետախուզական կազմակերպությունը, մեկ էլՙ Աբդուլլայի կրտսեր եղբայր Օսման Օջալանը, ըստ երեւույթին շնորհիվ վերջին կազմակերպության:
Օսման Օջալանի հայտարարությանը երեկ անդրադարձել էր կառավարամետ «Սաբահ» թերթը: Ահա թե ինչ է գրել.
«PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի եղբայր Օսման Օջալանն ասաց, որ կազմակերպության վեջին շրջանում հաճախակի դարձած հարձակումները պայմանավորված են Սիրիայի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմամբ: Ըստ նրա, Թուրքիան ընթանում է տարածաշրջանային գերտերություն դառնալու ուղղությամբ, դրան համապատասխան է գործում վարչապետ Էրդողանը, իսկ դա անհանգստացնում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի գլխավորությամբ տարբեր երկրներին: Նշելով այդ մասին, Օսման Օջալանն ավելացրեց. «Նրանք, օգտագործելով PKK-ին, ձգտում են ծանր կացության մեջ գցել Թուրքիային, ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Այդ առումով հատկապես կարեւոր է Սիրիայի եւ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների ուսումնասիրությունը: Սիրիան ճգնաժամային իրավիճակում է: Միջազգային օրակարգ է մտնում արտաքին միջամտության հարցը, որի դեպքում որպես բազա օգտագործվելու է Թուրքիայի տարածքը: Այդ իսկ պատճառով էլ Սիրիան փորձում է անկարգություններ հրահրել Թուրքիայում: Հետեւաբար PKK-ն հարձակումներ է գործում, որպեսզի փրկի Սիրիային»:
Օջալանը միաժամանակ ասաց, որ Իսրայել-PKK կապն ապահովվում է ծնունդով սիրիացի Դավուդ Բագիստանի անունով մի գործակալ, որը ներկայումս Հյուսիսային Իրաքում է ապաստանել»:
Օսման Օջալան չի նշել, թե Բագիստանին ո՞ւմ գործակալն է, ըստ երեւույթին զգուշանալով, որովհետեւ այդ դեպքում հարց կծագիՙ իսկ ի՞նքը: Հարցը պատասխանի կարիք չունի, ոչ էլ Սիրիայի հարցում Թուրքիայիՙ ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների բացահայտման: Սակայն, ի դեմս PKK-ի, միանգամայն ավելորդ են Սիրիային որպես ահաբեկչությանն աջակցող երկիր ներկայացնելու Թուրքիայի Օսման Օջալանով միջնորդավորված նկրտումները, քանի որ դրանք, վերջին տասնամյակում, միշտ յուրահատուկ են եղել ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմտյան երկրներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: