Tuesday, October 25, 2011

Ընտրությունների միջոցով բռնատերերից ազատվել հնարավոր չէ. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 25-10-2011- «Պետք է հասկանանք, որ ընտրությունների միջոցով բռնատերերից ազատվել հնարավոր չէ»,- նշել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի հիմնադիր-անդամ, Շուշիի առանձնակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Լոս-Անջելեսի AABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ հորդորելով ժողովրդին չփնտրել խնդիրների լուծում «այդ գորշ քաղաքական գործընթացներում»։
2012թ տեղի են ունենալիք խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ նա ասաց. «Իմ համոզմամբ՝ այդ ընտրություններ կոչեցյալը անց են կացվելու, ինչպես նախորդ ընտրությունները. դա շատ նման է լինելու 2007թ. ընտրություններին։ Ինչպես այդ ժամանակ, այժմ ևս նույն դիրիժորն է՝ Սերժ Սարգսյանը։ Քոչարյանի օրոք էլ սև աշխատանքները ամբողջությամբ կատարում էր Սերժ Սարգսյանը»։
Նա հիշեցրել է, որ նախորդող երկու տարիների ընթացքում իրենց գործընկերներին պարբերաբար հորդորել են, որ չգնան քաղաքական ընդունված գործընթացների ուղղությամբ, քանի որ բռնատերերի թելադրած կանոններն ընդունելը նշանակում է օժանդակել նրանց վերարտադրմանը։ «Փոփոխությունը լինելու է մեր ժողովրդի կամքի պարտադրման միջոցով։ Եվ միայն դրանից հետո է հնարավոր լինելու ընտրությունների միջոցով ձևավորել լեգիտիմ կառավարություն»,- նշել է նա։
Սեֆիլյանի հաղորդմամբ՝ «Սարդարապատի» ամենօրյա աշխատանքն է կազմակերպված իշխանաընդդիմության այս խմբին հաղթելը, և աշխատանքն արդյունքներ տալիս է։ «Մեր ժողովուրդ ասելով՝ մենք չենք պատկերացնում միայն Հայաստանում ապրողներին, այլև՝ Սփյուռքի բոլոր հայերին, որ սրտացավ են, ակտիվ և պատրաստ այս գործին որևէ օգուտ տալու։ Մենք ակնկալիքներ ունենք ակտիվ սփյուռքյան համայնքներից»,- ասել է նա։

Իր դիտարկմամբ՝ արդեն իսկ կան քաղաքական նոր ոգի կրող ազդակներ Սփյուռքից։ Նա դրական է գնահատում ՀՅԴ արևմտյան կենտրոնական կոմիտեի՝ իշխանական համակարգի քննադատության հայտարարությունները՝ «վերջապես այնտեղ ճշմարտությունն է ասված», ինչպես նաև՝ Կիլիկիայի Արամ Ա կաթողիկոսի մեկնաբանությունները և Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցը։ «Սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են»,- ասել է նա։
Մենք, ըստ Սեֆիլյանի, ապրում ենք փոքրիկ Հայաստանում, սակայն պիտի մեր հոգում կրենք Մեծ Հայքի տեսլականը։ Նա վստահ է. «Եթե մեզ չհաջողվի այս փոքրիկ հողակտորի վրա ստեղծել այնպիսի հաջողակ պետություն, որտեղ համակեցությունը ոչ միայն հայերի համար ցանկալի լինի, այլև՝ ամբողջ մարդկության համար օրինակելի լինի, ապա մենք դատապարտված ենք վերացման բառի բուն իմաստով»։
Սեֆիլյանը չի բացառում արաբական սցենարների կրկնությունը. «Եվ Թունիսում, և Եգիպտոսում այն ինչ տեղի ունեցավ, սկիզբը դրեց ժողովուրդը. այն ժողովուրդը, որ երկար տարիներ կեղեքված էր, արժանապատվությունը ոտնահարված։ Հետո միայն դրսից միջամտեցին։ Ես այն կարծիքին չեմ, որ այն ինչ տեղի է ունենում արաբական աշխարհում, արևմուտքի կողմից ծրագրված էր»,- նշեց նա՝ ընդունելով, որ այսօր արևմուտքն այնտեղ արդեն մտել է։
Սեֆիլյանը վստահ է, որ կգա ժամանակը, որ Հայաստանի ժողովուրդը կազմակերպված ձևով կսկի իր կամքը պարտադրել, «և այդ ժամանակ մենք կտեսնենք, թե դրսից ինչպես կսկեն հայ ժողովրդի հետ լեզու գտնել»։

No comments: