Monday, November 28, 2011

Էջմիածինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ»-ի ցանկում է

News.am. 28-11-2011- Պորտուգալիայի Սինտրա քաղաքում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 11-րդ համաշխարհային համաժողովը, որին Հայաստանից մասնակցել է Էջմիածնի պատվիրակությունը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Այս հեղինակավոր կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ. սեպտեմբերի 8-ին Մարոկոյի Ֆեզ քաղաքում: Ընկերակցությանն անդամակցում են աշխարհի ավեի քան 200 քաղաքներ: Էջմիածինն ընկերակցությանը անդամակցել է 2007 թվականից` Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ կանադաբնակ Ազատ Վարդանյանի երաշխավորությամբ: Պարոն Վարդանյանը Սինտրայի համաժողովում ներկայացրել է Էջմիածնի պատվիրակությանը, որի կազմում բացի քաղաքապետից եղել է նաեւ համայնքի ավագանու անդամ Տիգրան Կամավոսյանը: 11-րդ համաժողովի հիմնական թեման է եղել «Համաշխարհային ժառանգության քաղաքները եւ կլիմայի փոփոխությունները»:
Համաժողովի աշխատանքներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հանդիպումների շարք է անցկացրել կազմակերպության ղեկավարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների, Պորտուգալիայի, Մալազիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Լեհաստանի, Արգենտինայի, մի շարք այլ պետությունների տարբեր քաղաքների քաղաքապետերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման եւ այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Համաժողովի պատասխանատուների գնահատմամբ` Էջմիածնի պատվիրակության մասնակցության փաստն իսկ նպաստավոր է ոչ միայն Էջմիածնի եւ այդ քաղաքի բնակչության, այլեւ` Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից:

No comments: