Monday, November 28, 2011

Թուրքիայի միակ հայկական գյուղն ու նահանգը ֆրանսիացիները թուրքերին են վաճառել 7 մլն ֆրանկով

HayNews.am. 28-11-2011- Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել մի փաստաթուղթ, ըստ որի Անկարան Ֆրանսիայից գնել է Հաթայի (Ալեքսանդրեթ) նահանգը 7 մլն ֆրանկով:
Հաթայը Թուրքիայի ամենահարավային նահանգն է ու սահմանակից է Սիրիային: Սիրիան մինչ այժմ Հաթայը համարում է իր տարածքը: Հաթայի խնդիրը երկար տասնամյակներ Դամասկոսի և Անկարայի միջև լուրջ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:
Եվ այժմ, թուրքական «Վաթան» պարբերականի հրապարակած փաստաթղթի համաձայն, հայտնի է դարձել, որ 1939 թվականին Թուրքիան Ֆրանսիային 7 մլն ֆրանկ է վճարել` Հաթայն իր կազմում ընդգրկելու համար. այդ ժամանակ Սիրիան, և մասնավորապես, Հաթայի նահանգը եղել է ֆրանսիական մանդատի տակ:
Փաստաթղթի տակ դրված է Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի ստորագրությունը:
Նշենք, որ Հաթայ նահանգում է գտնվում Թուրքիայի միակ հայկական գյուղը` Վագուֆը (Վաքըֆլըն):
Մինչ 1939 թվականը Ալեքսանդրեթում մեծ թիվ են կազմել հայերն ու արաբները, որոնք ստիպված լքել են այդ տարածքները, երբ «հանրաքվեի» արդյունքում այն անցել է Թուրքիային:

No comments: