
Կոնգրեսի առաջնորդը Ծառուկյանին փաստացի ստիպում է մեկ անգամ եւս հավատարմություն հայտնել Սերժ Սարգսյանին, ինչը Ծառուկյանն արեց մի քանի շաբաթ առաջ, երբ հարցազրույցով հավաստեց, որ հավատարիմ է փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին:
Հանրապետականն էլ կարծես թե հասկացել է պահը եւ լռում է, Ծառուկյանին դնելով էլ ավելի ծանր կացության առաջ: Բանն այն է, որ խոսելով, անկախ այն ամենից, թե ինչ կխոսվեր, ՀՀԿ-ն, ավելի շուտ Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանի հայտարարության պատասխանատվության կամ ծանրության մի մասը կվերցներ իր վրա, թեթեւացնելով ԲՀԿ բեռը: Պատասխանելով Տեր-Պետրոսյանին, Հանրապետականը կթեթեւացներ Ծառուկյանի պատասխանը:
Մինչդեռ, Սերժ Սարգսյանը լռում է եւ նրանց թողնում դեմ առ դեմ, ԲՀԿ առաջնորդին ստիպելով կամ լռելով հավատարմություն հայտնել, կամ էլ դա անել բարձրաձայն: Մյուս տարբերակը այն է, որ Ծառուկյանը հրաժարվի Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, ինչը իհարկե բավական աներեւակայելի մի բան է:
Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը, խոսելով Բարգավաճ Հայաստանի մասին՝ իշխանությունից դրա պոկվելու կոնտեքստում, գործնականում էլ ավելի անհնար է դարձնում այդ նույնիսկ տեսական հնարավորությունը, էլ ավելի խորը մղելով դեպի իշխանություն:
Ինչ որ կերպ կարելի է պատկերացնել, որ Ծառուկյանն ասենք հրաժարվի Սերժ Սարգսյանին սատարելուց: Բայց, մտածել, որ նա Ռոբերտ Քոչարյանից կհրաժարավի, երբ միակ գործիչն է եղել, որ հստակ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու նրա քաղաքական եւ բարոյական իրավունքի մասին:
Էլ ինչ բարոյական, քաղաքական եւ նաեւ գուցե տնտեսական իրավունքով է Գագիկ Ծառուկյանը այսպես ասած հրաժարվելու եւ տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից:
Խնդիրն այն չէ, թե Ծառուկյանը Քոչարյանի հետ է այժմ: Միգուցե նա տարանջատված է, այն էլ վաղուց, այն էլ ավելին, քան ասենք կարող էր պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Բայց խնդիրն այն է, որ մի բան է տարանջատված լինելը, մեկ այլ բան է այդ մասին հայտարարելը՝ թե ասենք ես Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չունեմ: Բանն այն է, որ այստեղ Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին կրկնակի ծուղակն է գցել, որովհետեւ անկախ այն բանից, թե ինչ կասի ԲՀԿ առաջնորդը Կոնգրեսի հետ համատեղ հեռանկարի մասին, միեւնույն է, նա կարծես թե ստիպված է անդրադառնալ Քոչարյանի թեմային, որովհետեւ այդ թեմայի մասին լռելու դեպքում կարող է ակամա հավաստել, որ ուրեմն Տեր-Պետրոսյանն իրավացի է, եթե նրան այժմ կապում է Քոչարյանի հետ:
Ահա այդ ամբողջ համատեքստում պարզ է, որ Սերժ Սարգսյանն այդ թեմայով ասելիք ու անելիք գրեթե չունի՝ ամեն ինչ արեց ու ասեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սարգսյանին թերեւս մնում է միայն շնորհակալություն հայտնել Կոնգրեսի առաջնորդին, իշխանության մեջ իր հիմնական մրցակից բեւեռին այդքան ծանր կացության մեջ դնելու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment