Friday, December 9, 2011

Այս որոշման շրջանակում մամուլի իրավունքները լիովին կարող են պաշտպանվել. ՍԴ նախագահ

Tert.am. 8-12-2011- Հակասահմանադրական դրույթներն օրենքում դեռ բավական շատ են։ Այս մասին այսօր նշեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում։
Հնացած է նաև սահմանադրական վերահսկողության համակարգը. «Մեզ համար կարևոր է ոչ թե այն տեքստը, որը դրված է սեղանին, այլ այն, թե արդյոք այդ տեքստն ապրող է. իսկ դրան հասնելու համար օրենքն իսկապես պետք է սահմանադրականացնել»,- նշեց նա։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ զրպարտության և վիրավորանքի հոդվածի ապաքրեականացման մասին ՍԴ ներկայացրած դիմումին՝ նա նշեց, որ Սահմանադրական դատարանը թեստ կենտրոն կամ խորհրդատվական մարմին չէ, այլ այստեղ դիմում են նորմերի սահմանադրականությունը գնահատելու համար, և Սահմանադրական դատարանը, որպես կանոն,ընդունում է և այս դեպքում էլ ընդունել է որոշում, որը պարտադիր է բոլոր դատավորների համար այնպես, ինչպես դատարանների համար պարտադիր է Սահմանադրությունը, ինչը և ամրագրված է ՀՀ օրենքով։
Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ զրպարտության և վիրավորանքի մասին օրենքի ապաքրեականացումը ճիշտ չի ընկալվում դատավորների կողմից։ «Սրանք [զրպարտությունն ու վիրավորանքը] հիմա ոչ թե քրեորեն պատժելի արարքներ են, այլ՝ իրավախախտումներ, որ ենթակա են բոլորովին այլ իրավակարգավորման։ Սրանք մարդու արժանապատվության վիրավորանք են, և այս մարդուն [վիրավորվածին] պիտի տրվի որոշակի փոխհատուցում, այս գումարը փոխհատուցում է մարդուն, այլ ոչ թե՝ տուգանք»,- նշեց ՍԴ նախագահը։
Գագիկ Հարությունյանը վերստին կարևորեց ՍԴ որոշման այն դրույթը, որ միշտ չէ, որ «վիրավորվածը» կարող է փոխհատուցում պահանջել, և «միայն դիտավորության տարրի առկայության պարագայում կարելի է գնալ այնպիսի լուծումների՝ ընդհուպ մինչև փոխհատուցում պահանջելը, իսկ եթե գնահատողական կարծիք է, ապա դա մամուլի պարտականությունն է, երբեք դրա դեպքում չի կարելի հարցը տեղափոխել այդ հարթություն»։ Նաև, կայացված որոշման մեջ նշվել է, որ բարձր է փոխհատուցման առավելագույն շեմը։
Զրպարտության և վիրավորանքի մասին օրենքը պիտի վերաբերվի ոչ միայն ԶԼՄ-ներին. «Կարող է փողոցի մեջտեղը կանգնի մի հաստաքսակ, հայհոյի մարդուն վերջին բառերով, հետո հանի տա էդ մի միլիոնն ասի՝ քանի որ օրենքը ուրիշ բան չի նախատեսում, բայց մյուս անգամ, որ հանդիպենք, էլի նույն բառերն եմ ասելու»,- նշեց նա՝ հավելելով, որ նման պարագաների համար դատարանը պարտադիր կարգով պիտի գնահատի այն միջոցի կամ անձի ֆինանսական վիճակը, որից գանձումը պիտի կատարվի։ «Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այս օրենքը դառնա ճնշման գործիք մամուլի համար»,- ասաց նա։
Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այս որոշումն արդեն իսկ օրենքի ուժ ունի, և եթե դատավորներից մեկը փորձի այն շրջանցելով որոշում կայացնել՝ կիրառելով այլ մեկնաբանություն, իր կայացրած դատական ակտը կբեկանվի։ «Այս շրջանակում, կարծում եմ, մամուլի իրավունքները լիովին կարող են պաշտպանվել»,- ասաց ՍԴ նախագահը։

No comments: