Wednesday, December 28, 2011

Քաղաքական արդյունքի ժամանակը

«Լրագիր» 28-12-2011- Ժառանգություն եւ Դաշնակցություն կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ համամասնական 100 տոկոս ընտրակարգի անցնելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչի կապակցությամբ կուսակցությունները դիմել էին խորհրդարանի մեծամասնությանը եւ պահանջել Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որպես արդար ընտրություն անցկացնելու կամքի վկայություն, արժանացել է երկու այլ քաղաքական ուժի ողջույնին:
Ժառանգության եւ Դաշնակցության հայտարարությունը ողջունել են Հայ ազգային կոնգրեսն ու Ազատ-Դեմոկրատներ կուսակցությունը:
Ընդ որում, Կոնգրեսի ողջույնի մեջ կար կարծես թե բավական էական մի նախադասություն՝ “Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որեւէ դերի”:
Այսինքն, տվյալ հարցի վերաբերյալ Կոնգրեսը հայտնում է առաջատարի հավակնության բացակայության մասին: Հավակնությունների բացակայությունն այստեղ կարեւոր է, որովհետեւ հենց հավակնություններն են, որ Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես խոչընդոտում են կոլեկտիվ նախաձեռնությունների ամբողջական իրականացմանը կամ իրացմանը:
Ինչ կստացվի այս անգամ, ցույց կտա ժամանակը: Ուրվագծվել է մի հետաքրքիր քառյակ, որը շոշափում է ընդհանուր մի աշխատանքի եզր՝ համամասնական ընտրակարգի տեսքով:
Ըստ երեւույթին դա մի տարբերակ է, որով հնարավոր է Հայաստանում առաջ մղել քաղաքական գործընթացը, ընդ որում արդյունավետ առաջ մղել: Այսինքն, քաղաքական ուժերը համախմբվում են ոչ թե ընդհանրապես, գլոբալ նպատակների համար, այլ պարզապես կոնկրետ մի որեւէ խնդրի համար:
Այդ դեպքում, նաեւ պակասում է սպեկուլյացիաների, մանեւրի հնարավորությունը: Օրինակ, քաղաքական ուժը հանդես է գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի օգտին: Շատ լավ: Մյուս ուժն էլ դրա օգտին է հանդես գալիս: Շատ կոնկրետ եզր: Եկեք ուրեմն համատեղ դաշտ ստեղծենք այդ նպատակին հասնելու համար:
Այդպիսի մի օրինակ էր “ոչ”-ի շարժումը, որ եղավ հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ: Այդ շարժումը կոնկրետ նպատակի շուրջ միավորեց կոնկրետ քաղաքական ուժերի: Թեեւ դժվար է ասել, թե արդյոք որքան էր այդ շարժման ազդեցությունը հայ-թուրքական գործընթացը սառեցնելու հարցում, բայց երեւի թե կասկած չկա, որ այն եւս ունեցավ իր դերը:
Համամասնական ընտրակարգի պարագայում, շարժումը կարող է ավելի ազդեցիկ լինել, քանի որ կարող է ձեւավորվել ավելի լայն “կոալիցիա”:
Այդ դեպքում, նվազում է նաեւ իշխանության մանեւրի հնարավորությունը, հակառակ “կոալիցիան” մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունը: Նաեւ, ծավալվում է արդեն կոնկրետ, առարկայական քննարկում-բանավեճ իշխանության հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է արդեն մեկ կոնկրետ խնդրի, ինչի պարագայում քննարկումը լղոզելու հնարավորությունները էապես նվազում են, եւ լղոզումը դառնում է առավել նկատելի եւ ակնհայտ, ինչը բնականաբար իր ազդեցությունն է թողնում այդ բանավեճի հանրային գնահատականի վրա:
Իսկ հանրային գնահատականի նշանակությունը Հայաստանում աստիճանաբար եւ անխուսափելիորեն աճում է, ու շարունակելու է աճել:
Այստեղ նույնիսկ էական էլ չէ, թե արդյոք քաղաքական ուժերը կհասնեն հաջողության համամասնական ընտրակարգի հարցում: Մեծ հաշվով, Հայաստանում խորհրդարանի ընտրության եւ ընդհանրապես ընտրական գործընթացի գլխավոր խնդիրը թերեւս դա չէ:
Պարզապես, իրավիճակը կարեւոր է քաղաքական գործունեության ոճի իմաստով, պրակտիկայի իմաստով: Հայտարարությունների եւ հռչակած արժեքների իմաստով Հայաստանի քաղաքական ուժերն ունեն շատ ընդհանրություններ: Ժամանակն է, որ այդ ամենը քաղաքական արդյունք տա՝ նպաստելով քաղաքացիական “ՀՆԱ” ձեւավորմանը:
Այլապես, Հայաստանի քաղաքական միավորները ներկայում ընդամենը հանդիսանում են երկրի համախառն ներքին արդյունք ձեւավորող սուբյեկտներ, որոնց չլինելու պարագայում ազդեցությունը նկատելի կլինի թերեւս միայն այդ մասով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: