Friday, December 9, 2011

Ստեփան Գրիգորյան. Ցեղասպանության մերժումը պատժող օրինագծի ընդունումը բխում է հենց Ֆրանսիայի շահերից

News.am. 9-12-2011- Հայաստանի համար նույնիսկ ամենաբարեկամական երկրները, ինչպիսիք Ռուսաստանն ու Ֆրանսիան են, Հայոց ցեղասպանության գործոնը շատ հաճախ օգտագործում են ըստ իրենց շահերի` ընդդեմ Թուրքիայի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովի կողմից ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին վերաբերող օրինագծի ընդունումը:
«Հաճելի է, երբ Ֆրանսիան եւ մի շարք այլ երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, եւ այդ հարցում առաջընթաց կա: Ցավոք, ոչ միշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցը բխում արդարության եւ սկզբունքայնության պատկերացումներից: Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունում է ցեղասպանության մերժումը պատժող նախագիծը, սակայն Սենատը մերժում է կամ չի հաստատում այն: Նման նախադեպ կար նաեւ Շվեյցարիայում»,-նշեց քաղաքագետը:

Գրիգորյանի գնահատականով` ընդահանուր համատեքստում, իհարկե, հանձնաժողովի կողմից նախագծի ընդունումը դրական է, սկայն շատ հաճախ երկրների համար Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը Թուրքիայի հետ հարցերը լուծելու միջոց է. «Դասական օրինակ է Իսրայելը: Հենց Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ վատթարացան, իսրայելական կողմն անմիջապես բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն հենց որ իսրայելա-թուրքական հարաբերություններն սկսեցին մի փոքր կարգավորվել, Հայոց ցեղասպանության հարցը Կնեսեթում քննարկելու մասին խոսակցությունները դադարեցին»:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ տվյալ պարագայում Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, ցանկացածը չի ստացել Թուրքիայից, ինչի արդյունքում էլ նախագիծն ընդունվեց հանձնաժողովում: «Հիմա Ֆրանսիան կսպասի Թուրքիայի արձագանքին, եթե արձագանք չլինի, շատ հավանական է, որ Սենատն ընդունի օրինագիծը: Եթե ստանա ցանկալին` այն Սենատի կողմից չի ընդունվի»,- նշեց Գրիգորյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագծի ընդունումը պայմնավարվա՞ծ է Ֆրանսիայում նախընտրական շրջանով, Գրիգորյանն ասաց. «Շատ հնարավոր է, որ նախագահական ընտրությունների գործոնն այնքան ուժեղ լինի, որ անգամ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի ցանկությունը կատարելու պարագայում նախագիծն ընդունվի: Այսպես թե այնպես, մինչ նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, Ֆրանսիան կկշռի բոլոր թեր եւ դեմ կողմերը եւ կորոշի որն է ավելի առաջնային` Սարկոզիի շահերն ընտրություններո՞ւմ, թե՞ Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիայի շահերը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը, դեկտեմբերի 7-ի առավոտյան ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:

Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին:Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001-ի հունվարի 29-ին:

No comments: