Wednesday, December 28, 2011

Իլհամ Ալիեւի մրցակից Ռասուլ Գուլիեւը լուրջ մրցակից է նաեւ այդ երկրի ընդդիմության համար

News.am. 28-12-2011- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիեւի` Ադրբեջանի քաղաքական դաշտ վերադառնալը լուրջ անհանգստություն է առաջացրել ընդդիմադիր ճամբարում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Ընդդիմադիր ուժերը լրջորեն մտահոգված են, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գուլիեւը մտադիր է իր խմբավորումը ստեղծել եւ առանձին մասնակցել այդ ընտրություններին:
Ընդդիմադիր ճամբարն արդեն ոչ պաշտոնական ձեւով առաջ է քաշել իր թեկնածուին, դա կլինի «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության» նախագահ Ալի Քերեմլին: Իսկ Գուլիեւի քաղաքական ակտիվացման պարագայում Քերեմլին կարող է հակառակորդ ձեռք բերել:
«Խնդիրն այն է, որ երկար ժամանակ երկրորդական պլան մղված «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Գամբերը այժմ մանյովրելու հնարավորություն կունենա Գուլիեւի շնորհիվ: Նման իրավիճակը հիստերիա է առաջացրել է ԱԺՃԿ-ի ճամբարում: Նրանց համար Ռասուլ Գուլիեւը անկոչ հյուր է, եւ այժմ նրանք չգիտեն, թե ինչպես լուծեն այդ հարցը: Հնարավոր է, որ Ալի Քերեմլին նոր խմբավորում ստեղծի, որը լուրջ հակակշիռ կդառնա Ռասուլ Գուլիեւի եւ «Մուսավաթ» կուսակցության համար: Մոտակա ժամանակներում անխուսափելի կդառա Ալի Քերեմլիի, Սադար Ջելալօղլուի եւ Իգբալ Աղազադեի միավորումը միասնական դաշինքի ներքո»,-գրում է «Պոլիգոնը»:
Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը: Վերջերս նա հայտնել էր, որ շուտով վերադառնալու է Ադրբեջան, բացի այդ նա հայտարարել էր, որ 2013-ին դառնալու է Ադրբեջանի նախագահ:

No comments: