Ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիմնադրած «Արվեստագետները` հանուն խաղաղության» միջազգային բարեգործական կազմակերպության և «FMS media»-ի համատեղ ջանքերով`ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, «Ո’չ Ցեղասպանությանը» խորագրով «Never Again» /«Այլևս` երբեք»/ համերգը մեկ բեմի վրա էր կանգնեցրել 100-ից ավելի այնպիսի հոլիվուդյան գերաստեղերի, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Մայքլ Սթոունը, Էրիկ Բենեթը, Ալեքսիա Վասիլիուն և այլք:
«Արտասահմանյան մամուլը գրում էր` այսպիսի համերգ երբևէ չի եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին Ֆլորա Մարտիրոսյանը, «FMS media»-ի համահիմնադիր Արամ Սարգսյանը և բեմադրիչ Ժրայր Դադասյանը: Վերջինս նշեց, որ հպարտության ու բերկրանքի մեծ զգացողություն էր ապրում և երաժշտական նման բովանդակության համերգ դեռևս չէր տեսել:
«Մեր հայրենակիցները խոստովանում են, որ իրենց ուղեղները կարծես ճաքել էին Ֆլորա Մարտիրոսյանի, Ռոզիի և հոլիվուդյան նման աստղերի համատեղ համերգից: Ի վերջո հասկացան, որ միայն ռաբիզ համերգները չեն, որ դահլիճներ են լցնում»,-ասաց բեմադրիչը` հավելելով, որ համերգի գեղարվեստական ձևավորման հիմքում մարմիններով հայկական այբուբենը, ապա կատարողների անունները` անգլերեն տառերով պատկերելն էր:
Թեև Միացյալ նահանգները Հայոց Ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չեն ընդունել, սակայն արվեստագետների շուրթերից հնչած ճանաչման ու դատապարտման բազմաթիվ կոչերը կարող են անկյունաքարային լինել: Այս համոզմունքով Ֆլորա Մարտիրոսյանի «Artists for peace» բարեգործական կազմակերպությունն ու «FMS media»-ն մինչև 2015թ-ը կշարունակեն իրենց համերգային արշավը Ռուսաստանում, Եվրոպայում և Արևելքի երկրներում` միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Մեծ Եղեռնի, մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, ինչպես նաև աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղելու համար:
Ի դեպ, Եվրոպայում նախանշված համերգին հանդես գալու համար, Ֆլորա Մարտիրոսյանի խոսքերով, արդեն բանակցություններ են տարվում Մադոննայի և Էլթոն Ջոնի հետ: Դժվար է, բայց ինչպես երգչուհին ասաց` «գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Իսկ դրա նախադեպն արդեն տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին:
No comments:
Post a Comment