Friday, December 9, 2011

Ադրբեջանցի օլիգարխի որդին ԱՄՆ-ում փորձում է հայկական լոբբիին հակակշիռ ստեղծել, բայց…

News.am. 9-12-2011- Ադրբեջանի Տրանսպորտի նախարարի` Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովը, Վաշինգթոնում «Ադրբեջան-Ամերիկա ալյանս» անունով կազմակերպություն է ստեղծել, որի նպատակը հայ-ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին հակակշիռ ստեղծելն է: Այդ մասին հաղորդում է ամերիկյան The Hill համացանցային պարբերականը:
Երիտասարդ գործարար Անար Մամեդովի կողմից ստեղծված Ալյանսը քայլեր կձեռնարկի Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կապերի ամրապնդման ուղղությամբ` էներգետիկ եւ ազգային-անվտանգության ոլորտներում: Երիտասարդ Մամեդովը հայտնել է, որ այդ քայլով ցանկանում է իր պարտքը մատուցել հայրենիքին: «Ես կարծում եմ, որ Ալյանսը կհամախմբի երկու երկրներին: Իմ համոզմամբ, ԱՄՆ-ը Ադրբեջանի մեծ ընկերն է»,-ասել է նա, գրում է The Hill–ը: Ալյանսի նախագահը Խեյալ Շերիֆզադեն է, ով եղել է Bank of Azerbaijan-ի նախկին ղեկավարը: Նա նաեւ Մամեդովներին պատկանող ZQAN հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ է, իսկ Անար Մամեդովը այդ հոլդինգի նախագահն է: The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի հաշվետվությունների համաձայն, Ալյանսը 2.4 միլիոն դոլար արժողության պայմանագիր է կնքել Fabiani & Co.–ի հետ ԱՄՆ-ում օժանդակություն ստանալու համար: Այդ գործում մեծ ներդրում են ունեցել Ջիմ Ֆաբիանին` Հանրապետական կուսակցության հայտնի լոբբիստն ու Cassidy & Associates ընկերության նախկին ղերավարը:
«Ադրբեջանական խմբավորումը բռնոցի է խաղում Հայաստանի հետ, որը տասնամյակներ շարունակ լոբբիստական ներկայություն է ապահովել Վաշինգթոնում: Ադրբեջանցի լոբբիստները հատկապես շեշտում են, որ Ադրբեջանն այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է եւ աջակցում է Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին: Չնայած, որ Ադրբեջանը աչքի է ընկնում իր նավթագազային պաշարներով, այդուհանդերձ մարդու իրավունքների պարբերական խախտման դեպքերը թույլ չեն տա, որ այդ Ալյանսը մեծ հաջողությունների հասնի»,-գրում է The Hill-ը:
Նշենք, որ ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Զիյա Մամեդովի ցանկանում է այդ քայլով կարծես փորձում է ընդօրինակել Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովին: Վերջինիս որդին` Թալե Հեյդարովը, ստեղծել է «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցություն» լոբբիստական կառույցը, որի միջոցով ջանում է դրական իմիջ ապահովել ավտորիտար վարչակարգ ունեցող Ադրբեջանի համար:

No comments: