![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgZSnt4XMEoLm0936X5iqlKoFf28at0NeNhn7Ii59HuHNbypfvsV8OLooh0KrkrXn7JAjvRHRieYHVxULbb27pscmCPhL1uKkZVNbBybuOikfgblhKVzmAKqoxlr5deK9gUcKmr0XosiIA/s1600/France+Sena2%252CWeb.jpg)
«ԱԶԳ», 09-12-2011- Վերջերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն Թուրքիայում հայտարարեց, թե «Փարիզը կարող է միջնորդ լինել հայ եւ թուրք պատմաբանների հանդիպումների անցկացման համար, որոնք կքննարկեն 1915-ի իրադարձությունների հարցը»: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը անմիջապես բացասական արձագանք ունեցավ հայության շրջանում, Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցչին իր տարակուսանքը հայտնեց նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Մինչդեռ նախագահ Սարկոզին Հայաստան կատարած իր պետական այցի ժամանակ, հայերեն արտաբերելով «ցեղասպանություն» եզրույթը, հայտարարել էր. «Եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունը, ապա Ֆրանսիան ցեղասպանության դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա, օրինակ, կքրեականացնի ցեղասպանության ժխտումը»: Շատերը սա ընդունեցին որպես Սարկոզիի նախընտրական քայլ, քանի որ հաջորդ տարի Ֆրանսիան պատրաստվում է նախագահական ընտրության, եւ գործող նախագահին «ամենեւին էլ չի խանգարի» 500 հազար ֆրանսահայերի քվեն: Սարկոզիի այս հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ նաեւ Թուրքիայում, Ադրբեջանում: Մասնավորապես վարչապետ Էրդողանն անձամբ խորհուրդ տվեց Փարիզին` «նայել սեփական գաղութատիրական անցյալին»:
Իսկ երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովն ընդունեց Վալերի Բուաեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է «ռասիզմի դեմ պայքարին եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին»: Այսպիսով նախատեսվում է պատիժ սահմանել բոլոր նրանց հանդեպ, որոնք «օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ կդնեն»: Սահմանված է նաեւ պատիժը. մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը օրենքով ճանաչված է 2001-ի հունվարի 29-ից: Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովի այս որոշումը դեռ պետք է հաստատի Ֆրանսիայի ԱԺ-ն:
Թերեւս ավելորդ է ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում կարեւոր այս առախաղացումը պայմանավորված է նաեւ նախորդ երկու օրերին ՀՀ նախագահի Ֆրանսիայում գտնվելու փաստով:
No comments:
Post a Comment