Monday, January 16, 2012

Հայաստանում մոտ 4.000.000 կուսակցական կա

Ինչպես ցանկացած դասական պետություն, Հայաստանի երրորդ Հանրապետությունը ևս բազմակուսակցականությունը դարձրեց երկրի ներքաղաքական համակարգի հիմքը: Դեռևս հայաստանյան կուսակցական համակարգի ձևավորման սկզբից այն դրվեց սխալների ու կեղծիքների ուղղու վրա: Որպես հասարակական-քաղաքական կյանքում քիչ թե շատ գործող անձ, կատարել եմ փոքրիկ ուսումնասիրություն, որի ընթացքում իմ կողմից բացահայտված խնդիրները կներկայացնեմ ստորև: Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ չեմ հավատում հայաստանյան համապետական ընտրությունների կեղծված չլինելուն: Գաղտնիք չեմ բացահայտի նաև եթե ասեմ, որ ինչպես կյանքում մյուս բոլոր գործողություններն են դիտարկվում համեմատության մեջ, նույնը նաև ընտրակեղծիքների դեպքում է: Օրինակ, ինչպե՞ս է պատահում, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ Պարույր Հայրիկյանի, 20.000 անդամ ունեցող ԱԻՄ-ը, դաշինք կազմելով Մտավորական Հայաստան, Քրիստոնեավարներ, Ազատ Հայք և տասը այլ կազմակերպությունների հետ, ստանում է 9700 ձայն, կամ Հայ Արիների Բռունցք անունով մի քանի տասնյակ կազմակերպությունների դաշինքը ստանում է 3000 ձայն, ՀՀՇ-ն, որ հայտարարում է իր 7600 անդամ ունենալու մասին, ստանում է անդամների թվից ուղիղ 70 քվեով ավելին, ու ինչպե՞ս է լինում, որ այս կուսակցությունների չնչին մասն է խոսում կեղծիքների մասին: Հիշենք,որ ըստ կուսակցությունների մասին օրենքի՝ ցանկացած կուսակցություն պետք է ՀՀ ամեն մարզում ունենա նվազագույնը 100, իսկ Երևանում՝ 1000 անդամ:Այսինքն անդամների ընդհանուր թվաքանակը պետք է լինի ոչ պակաս, քան 2000-ը: 2007-ի ընտրությունների արդյունքում եղան ավելի մառազմատիկ թվեր. օրինակ, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը ստացավ 2219, Հայաստանի մարքսիստական կուսակցությունը՝ 2786, Միացյալ ազգային ազատական կուսակցությունը՝ 2593, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 2150 ձայն և այլն: Իսկ ինչպիսի՞ն են հայաստանյան կուսակցություններն ըստ գաղափարախոսության: ՀՀ ում գրանցված շուրջ 80 կուսակցությունների 2/3 մասը գաղափարախոսական մասով, ծրագրերով չունի գրեթե ոչ մի տարբերություն: Կուսակցությունների այս մեծամասնությունը իր համար որպես սկզբունք է որդեգրել ժողովրդավարությունը, եվրաինտեգրացիան, լիբերալիզմը... Կա կուսակցությունների մի խումբ, որը սոցիալիստական ուղղվածության է պատկանում՝ ՀՅԴ, ՍԴՀԿ, Դեմկուս... Կուսակցություններն ըստ ղեկավարման ձևի ՀՀ ում 99%- ով միանձնյա ղեկավարման ձև ունեն: Այսպիսով, եթե հակիրճ ներկայացնեմ իմ կողմից բացահայտած խնդիրները,պարզ կլինի,որ. Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների ճնշող մեծամասնությունը խախտում է ՀՀ կուսակցությունների մասին օրենքը. • չունեն օրենքի պահանջ համարվող 2000 անդամները • չունեն օրենքի պահանջ համարվող 100-ական անդամները մարզերում ու 1000 անդամ Երևանում • Կուսակցությունները, ստանալով օրենքով պահանջված անդամների թվից էլ քիչ ձայներ, երբեք չեն բարձրաձայնում ընտրությունների կեղծված լինելու մասին, բացառությամբ 3-4 կուսակցության: Սա վկայում է կազմակերպությունների ներկայացրած անդամների ուրճացվածությունը, կամ նրանց շարքերի թերհավատությունը իրենց կուսակցությունների գործունեության նկատմամբ: Ի դեպ,տարբեր տեղեկագրերում գտնելով կուսակցությունների ներկայացրած թվերը,գումարեցի իրար,ու պարզվեց,որ ՀՀ ում կա մոտ 4.000.000 կուսակցական: «Հայազն» Միության Կենտրոնական Մարմնի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյան

No comments: