Tuesday, January 17, 2012

ԱԳՆ. Հայաստանն ակտիվորեն զարգացնում է իր հարաբերություններն արաբական աշխարհի հետ

Թեեւ արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել բնականոն հարաբերությունների պահպանման ուղղությամբ։ Այս մասին նշվել է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ եզրակացության մեջ: Ըստ այդմ, Հայաստանը ջանքեր է գործադրել ճգնաժամային իրավիճակներում հայտնված իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ նրանց Հայաստան տեղափոխելու համար: Թեեւ 2011թ. Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ տարվա ընթացքում շարունակվել է համագործակցությունը ավանդական բարեկամական այդ երկրի հետ, նոյեմբերի 4-11-ը Հայաստանում կայացել են Եգիպտոսի մշակույթի օրերը, ստորագրվել է երկրների միջեւ 2012-2014 թթ. մշակութային համագործակցության ծրագիր։ Դեկտեմբերի 8-10-ը տեղի է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնական այցը Հայաստան: Այցի ընթացքում ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 7 փաստաթուղթ: 2011թ. հոկտեմբերի 3-6-ը տեղի է ունեցել Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան: Նաբիհ Բըրրին հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: Մարտի 21-24-ին տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի պաշտոնական այցը Հայաստան։ 2011թ. հոկտեմբերի 3-7-ը տեղի է ունեցել Քուվեյթի Ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի այցը ՀՀ` որպես ՀՀ - Քուվեյթ միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի համանախագահ: Հոկտեմբերի 5-6-ը կայացել է հանձնաժողովի առաջին նիստը Երեւանում, ստորագրվել է երկու փաստաթուղթ։ Ի կատարումն Հայաստանի եւ Քուվեյթի ղեկավարների պայմանավորվածության՝ 2011 թ. Քուվեյթը դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել Երեւանում: Մայիսի 8-13-ը ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ մասնակցել է Դուբայում կայացած ներդրումային համաժողովին:

No comments: