Tuesday, January 17, 2012

Դե մտեք, էլի, մարդու դրության մեջ

«Լրագիր« 16-1-2012- Խորհրդարանում ընդդիմության եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցող Պրեսկոտի հետ հանդիմանը միջադեպ է տեղի ունեցել: Ըստ տարածված տեղեկությունների, համազեկուցող Պրեսկոտը բարկացել է, երբ խորհրդարանական ընդդիմությունն ուզել է նրան հանձնել փաստաթղթեր 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ, որ ընդդիմությունը պահանջում է իշխանությունից: Պրեսկոտի զայրույթը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ակնհայտորեն հոգնեցրել են այդ մարդուն: Երեւի մյուս համանախագահն էլ դրա համար չի եկել Հայաստան, թեեւ համեմատաբար նոր համանախագահ է եւ միգուցե պետք է որ քիչ հոգնած լիներ: Միգուցե նախկին համազեկուցող Կոլոմբիեն էլ հիմա հատուկ թոշակ է ստանում, մի քանի տարի Հայաստանով զբաղվելու համար: Այդ մարդիկ երեւի Հայաստան են գալիս, որովհետեւ ուրիշ տեղ նրանց էլ չեն ուղարկում: Միգուցե ուրիշ տեղ չեն ուղարկում, նաեւ դրա համար են զայրացած Հայաստան գալիս: Չի բացառվում, որ մարդիկ նաեւ անձնական խնդիրներ են ունենում եւ լինում են վատ տրամադրության մեջ: Ի վերջո, եվրոպական ճգնաժամը միայն բավական է, որ այդ խեղճ մարդիկ բավական մտահոգ լինեն: Եվրոյի ճգնաժամը ոչ մի կերպ չի հաղթահարվում, Եվրոպան կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, կարող է ծագել կտրուկ խնայողությունների անհրաժեշտություն, ինչի առաջին թիրախ կարող են դառնալ եվրոպական կառույցները՝ հաստիքներ կրճատել, պատգամավորական տեղեր կրճատել, գործուղման ծախսեր, աշխատավարձեր կրճատել, հարկեր ավելացնել, եւ այլն, որպեսզի քաղաքացիներին ցույց տան, որ առաջին ծանրությունը քաղաքական գործիչները վերցնում են իրենց վրա, եւ պետք չէ ասենք «գրավել Ուոլ Սթրիթը»: Հիմա պատկերացրեք, եկել է այդ մտահոգությունների բեռն ուսերին մի մարդ, որը չգիտե, թե վաղն ինչ կարող է լինել Եվրոպայում, ու Հայաստանում նրան համամասնական ինչ որ խնդիր են մատուցում: Նա երեւի թե հույս ուներ, որ կարող է պատահի մի կտոր ուտելու բան, մի բաժակ խմելու բան մատուցեին, մի քիչ ցրվեր եվրոճգնաժամից, մի քիչ ուրախանար հայ բարեկամների բարենորոգչական առաջընթացով: Մինչդեռ նրան այստեղ ինչ որ թղթեր ու համամասնականներ են տալիս: Դրեք ձեզ հարգարժան պարոն Պրեսկոտի տեղն ու պատկերացնելով իրավիճակը, անկեղծ պատասխանեք՝ ինչ կանեիք դուք նրա փոխարեն: Հարգարժան համազեկուցողը երեւի թե նույնիսկ չափից դուրս սառնասրտություն է դրսեւորել, այլապես կվերցներ այդ համամասնական թղթերն ու… Եվ թող ընդդիմությունը մեղադրի միայն իրեն, որ մինչեւ Պրեսկոտին հանդիպելը, չի փորձել մտնել այդ մարդու դրության մեջ: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: