Monday, January 16, 2012

Ալժիրցիներն Էրդողանին չհասկացան, ռուանդացիներն էլ չեն հասկանա. «Կոմերսանտ»

Tert.am. 16-1-2012- «Ֆրանսիային Ալժիրում ցեղասպանության մեջ մեղադրած Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անցած շաբաթ տարօրինակ իրավիճակում հայտնվեց. Ալժիրն իր վարչապետի շուրթերով Թուրքիային խնդրեց չանհանգստանալ»,– «Վաղուց անցած–գնացած օրերի ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածում գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հոդվածագիր Նիկոլայ Զուբովը՝ հավելելով, որ Էրդողան Ֆրանսիայի հասցեին ը նման մեղադրանքներ հնչեցրեց այն բանից հետո, երբ այդ երկրի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունեց։ Զուբովը նշում է, որ Ֆրանսիայի Ստորին պալատն այդ օրինագիծն ընդունեց՝ չնայած Թուրքիայի նախազգուշացումներին և սպառնալիքներին։ «Նախագահական ընտրությունների նախաշեմին ֆրանսիացի քաղաքան գործիչների համար այժմ ավելի կարևոր է չփչացնել հարաբերությունները երկրում ազդեցիկ հայկական համայնքի հետ, այդ իսկ պատճառով օրինագիծն ընդունվեց մեծ խանդավառությամբ,–գրում է նա և ավելացնում,– սկզբում Անկարայի ձեռնարկած պատասխան միջոցները քիչ թե շատ կանխատեսելի դիվանագիտական քայլեր էին. դեսպանին հետ կանչելը, ռազմական համագործակցության դադարեցումը, այցերի չեղյալ հայտարարումը և այլն։ Սակայն հետագայում երկրի վարչապետն ավելի համաչափ միջոցներ ձեռնարկեց, մասնավորապես, ֆրանսիացիներին ալժիրցիների ցեղասպանության մեջ մեղադրեց»։ Հոդվածագիրն ընդգծում է, որ Էրդողանի այդ նախաձեռնությունն անմիջապես պաշտպանություն գտավ ողջ Թուրքիայում. «Անկարայի քաղաքային խորհուրդը հունվարի 10–ին վճռեց մայրաքաղաքում գտնվող Փարիզ փողոցը (որտեղ գտնվում է Ֆրանսիայի դեսպանությունը) Ալժիր վերանվանել։ Դեսպանատան կողքին ալժիրցիների ցեղասպանության հիշատակին նվիրված մեծ հուշարձան է կառուցվելու, իսկ դե Գոլի անունը կրող փողոցը վերանվանվելու է, հենց որ գտնվի մեկը (ֆրանսիացի գաղութատերերի դեմ ալժիրցիների պայքարի ականավոր ներկայացուցիչներից մեկը), ի պատիվ որի կարելի է անվանել այդ փողոցը»։ «Թուրքական իշխանությունների այս միջոցները Ֆրանսիայում կանխատեսել էին։ Դրանք նկատեցին նաև Ալժիրում, և նրանց դա, բացարձակապես, դուր չեկավ։ Ամեն դեպքում երկրի վարչապետ Ահմեդ Օյահյան հատուկ հայտարարությամբ հանդես եկավ. «Ես դիմում եմ մեր թուրք ընկերներին. դադարեցրեք քաղաքական նպատակներով շահարկել գաղութատիրության հարցը.... Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր շահերը, սակայն որևէ մեկն իրավունք չունի ալժիրցիների թափած արյան հաշվին սեփական գործերն առաջ տանել»,–վարչապետի խոսքերն է մեջբերում պարբերականը և ավելացնում,– Այս անգամ արդեն Թուրքիան ստիպված եղավ ձևացնել, թե իբր որևէ բան չի եղել։ Ալժիրի վարչապետի հայտարարությանը որևէ պաշտոնական արձագանք չհետևեց։ Անկարայում հավատարմագրված լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցներում էլ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները հասկացրեցին, թե Օյահյայի խոսքերը դիտարկում են մայիսին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ներքաղաքական պայքարի համատեքստում»։ Զուբովը եզրափակելով գրում է, թե Թուրքիայի իշխանությունները մեկ շանս էլ ունեն. նրանք կարող են Ֆրանսիային մեղադրել նաև Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ (1994թ. Ռուանդայում իրագործված ցեղասպանության ընթացքում հութու զինյալները մոտ 800 հազար թութսիների և «չափավոր» հայացքներ ունեցող հութուների են սպանել–Tert.am)։ «Թուրքիայի իշխանությունները դեռ շանս ունեն Ֆրանսիային Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ մեղադրել, որին մեղսակից լինելու մեջ այդ երկրին մեղադրել էին նաև Ռուանդայի իշխանությունները (Ռուանդայում բանակավորված ֆրանսիացի խաղաղապահները 1999–ական թթ. որևէ բան չեն արել թութսիների ցեղասպանությունը կանխելու համար,– «Կոմերսանտ»)։ Այս անգամ էլ, սակայն, թուրքական նախաձեռնությունը, երևում է, որ չի հասկացվելու։ Ռուանդան այժմ մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ֆրանսիայի հետ և Թուրքիայի պատճառով նրա հետ վիճել չի պատրաստվում»։,–նշվում է հոդվածում։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20–րդ դարի կեսերին ալժիրցիների ցեղասպանության մեջ։ «Ալժիրի բնակչության 15 տոկոսը 1945թ. ի վեր ոչնչացվեց ֆրանսիացիների կողմից։ Դա ցեղասպանություն է»,–հայտարարել էր Էրդողանը։ Նշենք, որ Ֆրանսիայի գաղութատիրության դեմ 1954–1962թթ. ալժիրցիների մղած պայքարում, արաբ պատմաբանների տվյալներով, մեկ միլիոնից ավելի մարդ է զոհվել։

No comments: