Tuesday, January 17, 2012

Օլիգարխները հրաժարվո՞ւմ են

«Լրագիր» 17-1-2012- Աժ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, Ժողովուրդ թերթի թղթակցին ասել է. «Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք»: 168 ժամ թերթի տեղեկություններով` ԴԱՀԿ Ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից: Ասում են` նրան խոստացել են նշանակել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ԴԱՀԿ պետի պաշտոնը թողնելուց հետո Մ. Պողոսյանը հավանաբար կղեկավարի ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայանքի նախընտրական շտաբը: Թերթը հիշեցնում է, որ ԴԱՀԿ պետն այդ համայնքում հիմնադրել էր «Քեթրին» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով սեփական բիզնեսի հաշվին որոշակի նվիրատվություններ է կատարում համայնքի անապահով բնակիչներին: Այդ հիմնադրամի ծավալած գործունեության արդյունքում է Մ. Պողոսյանը իշխանություններին խոստացել ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: Իրավունք թերթն էլ գրում է, որ իր տվյալներով, պատգամավոր Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, իր շրջապատում սրտանց ասել է. «Ախպերներ ջան, ես ոչ մեծամասնականով եմ ուզում պատգամավոր դառնալ, ոչ էլ էն ի՞նչ են ասում` էն միասնական ա, համամիասնական ա, էդ ցուցակով: Ավելի լավ է, մեր բիզնես գործերով զբաղվենք ու մեծ ախպերների օրինակին հետևենք, քան թե գնանք ու անցավ գլուխներս ցավի տակ դնենք: Մեր փոխարեն ավելի լավ է Աժ մտնեն մարդիկ, ովքեր կարան մի կարգին օրենք գրեն»:

No comments: